Օրերս համացանցում հայտնվել են Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանի լուսանկարները Բաքվի բանտից, որտեղ երևում է, որ նրա առջևի ատամները բացակայում են: Սահակյանին բուժող ատամնաբույժները վկայել են, որ նրա հետևի ծամող ատամների մի մասը դրված են եղել, բայց առջևի ատամները առողջ էին և իրենն էին:
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով նունպես եղել է Բաքվի բանտում Արցախ այցելելու պատճառով, գրում է, որ «մեկուկես տարվա ընթացքում լիովին առողջ ատամներ կորցնելը գրեթե անհնար է, եթե միայն դրանք ֆիզիկական ուժի կիրառման չեն ենթակվել, կամ մարդը տառապել է կալցիումի և վիտամին D-ի պակասի ծայրահեղ ձևով: Իր հերթին, եթե բացառենք ծեծն ու խոշտանգումը, ապա այդ վիտամինների քրոնիկ պակասը, որը կարող է հանգեցնել ատամների ամբողջական կորստի, վկայում է կամ այն մասին, որ Բաքվում հայերին սովամահ են անում, կամ էլ նրանց պահման պայմանների պատճառով շաքարախտի ծանր ձև է»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ընդհանուր առմամբ, Բաքվի դատարանի առաջ կանգնած է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈւ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը: