Երևանի ավագանու այսօրվա նիստում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հարց ուղղեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին՝ ինչո՞ւ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար սահմանված չէ տրանսպորտի հատուկ սակագին։
«Երբ պարոն Գալջյանն (նկատի ունի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին՝ խմբ.) ասում է արտոնություն, զեղչ, հասկանում եմ, որ իրավաբանական հեռակա սովորել է, երևի չի սովորել, որ ավագանին հելնի երկինք, իջնի ներքև, չունի զեղչ, արտոնություն սահմանելու լիազորություն։ Այս դեպքում սա կոնկրետ սակագնի սահմանման փոփոխություն է, այսինքն, այս կատեգորիայի համար սահմանում եք ուրիշ գին։ Եվ մի փորձեք քաղաքացների վրա լավություն ծախել, ավագանին այդ լիազորությունը չունի:
Նաև ինչո՞ւ հատուկ սակագին չեք սահմանել ԵԿՄ անդամների համար»,- հարց հնչեցրեց ավագանու անդամը։
Սուրեն Գրիգորյանն ի պատասխան նկտաեց՝ ինքն արդեն վաղուց արձանագրել է՝ Մանուկյանն այդ պայմանագիրը կամ կարդում է, չի հասկանում, կամ ամենայն հավանականությամբ միտումնավոր խեղաթյուրում է։
«Որովհետև օրինակ՝ այդ նույն պայմանագրում պարզ գրված է, որ օպերատոր կազմակերպությունը իրավունք ունի ներգրավել գործընկերներ պայմանագրային իր պարտականությունների կատարման համար, բայց դուք համառորեն էլի շարունակում եք պնդել, որ այ կոնկրետ «Թելսել» ընկերությունը պահանջներին չի համապատասխանում:
Նոր 2021 թվականին արտադրված թարմ վալիդատորները համացանցում տարածում եք, որ դրանք արտադրությունից դուրս եկած են և այլ մանիպուլյացիաներ ու սուտ տեղեկություններ:
Ինչ վերաբերում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին, կենտրոնական իշխանությունը բազմաթիվ օգնության ծրագրեր իրականացրել է և իրականացվում է իրենց ուղղությամբ: Հաշվի առնելով, որ Դուք այս արտոնությունների նախագծի մասին բավականին վաղուց եք իմացել և առնվազն Դուք ինքներդ այդ առաջարկով հանդես չեք եկել, որպեսզի իրենց մասով քննարկումը իրականացվի, թույլ տվեք մի փոքր կասկածել ձեր այդքան մեծ անհանգստությանը, որ այդ խմբի մասով համապատասխան արտոնություններ չեն սահմանվում»,- ասաց փոխքաղաքապետը։
Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ ինչ վերաբերում է նրան, որ Մեսրոպ Մանուկյանը փորձում է իրավաբանական-մասնագիտական դատողություններ անել՝ ամենևին մասնագիտական կրթությունը չունենալով, ապա խոսքը ոչ թե ձևի, այլ բովանդակության մասին է։
«Եվ եթե նկատեցիք, ես այսօր իմ զեկույցում նշեցի բովանդակային առումով արտոնություններ կամ ավելի մատչելի փաթեթներ կոնկրետ խմբերի համար։
Ես վստահ եմ, որ թոշակառուներին, օրինակ, ոչ թե հետաքրքիր է դրա ձևակերպումը, այլ հետաքրքիր է արդյոք ինքը այս որոշման ընդունման պայմաններում հնարավորություն ունենալո՞ւ է ավելի մատչելի երթևեկելու, քան նախատեսված է մարտի 12-ի որոշմամբ, թե չի ունենալու։ Վստահաբար ունենալու է»: