ՀՀ իշխանությունները ցանկանում են դատական համակարգն իրենց ենթարկել: Այս մասին մարտի 1-ի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ կալանքի դատարան է ստեղծվել։ Նա հիշեցրեց, որ այսօր երկրում դատավորին (Բորիս Բախշիյանին) ձերբակալել են դատավճռի համար, որը դուր չի եկել դատախազությանը։ Վարդեւանյանը պարզաբանեց, որ ժողովրդավարական հասարակությունում նման դեպքում դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացնում, սակայն փոխարենը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ գնացին դատավորին ձերբակալելու ճանապարհով, քանի որ վերջինս իշխանությունների համար անցանկալի անձ է:
«Իսկ այն դատավորների մասով, ովքեր ապօրինաբար մոտ երկու տարի կալանքի տակ են պահել պաշտոնաթող նախագահին, քրեական գործ չի՞ հարուցվում։ Չի հարուցվում: Երեք պատգամավոր կալանավորվեց, ապա՝ ազատ արձակվեց՝ պատճառաբանելով, որ «Հայաստան» դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան, որը պարզ ճշմարտություն արձաագրեց: Կալանավորման որոշում կայացրած դատավորների առնչությամբ նույնպես հարուցված գործեր չկան»,- նշեց պատգամավորը։
Նա հիշեցրեց Freedom House միջազգային կազմակերպության վերջին զեկույցը, որում խոսվում են դատական իշխանության՝ գործադիր իշխանությունից կախվածության մասին։ «Ինչո՞ւ հայ հասարակությունը 2018 թվականին ձայն տվեց գործող իշխանություններին: Նրանց գեղեցիկ խոստումների համար, այդ թվում՝ դատական իշխանության անկախության մասով։ Հայաստանի նոր իշխանությունները պետք է «կարմիր գիծ» գծեն՝ նախկին իշխանություններից կախվածության մեջ գտնվող դատավորները չպետք է տեղ ունենան դատական համակարգում։ Բացի այդ, անհրաժեշտ է ավելացնել ընդհանուր իրավասության դատարանների դատավորների թիվը, բարձրացնել նրանց աշխատավարձերը։ Այս հարցում միջազգային կազմակերպությունները պատրաստ էին աջակցել Հայաստանի իշխանություններին, սակայն չգնացին դրան, քանի որ նրանց կախյալ դատական համակարգ է պետք»,- եզրափակեց Արամ Վարդեւանյանը։
News.am





