Այն խավը, որը գրագետ է, օրինապահ է, հստակ ճանաչում է այլոց և սեփական արժանապատվությունը, այսօր հայտնվել է մի վիճակում, որի համար ՔՊ-ական շատ քաղաքագետներ անգամ ասում են՝ ընդդիմությունը թշնամի է։ Այսինքն՝ ՀՀ-ում ցանկացած այլախոս այս իշխանության կողմից ճանաչվում է որպես թշնամի, ոչ թե որպես ընդդիմություն, ոչ թե ժողովրդավարությանն անհրաժեշտ տարր, քաղաքական հալածյալների իրավունքների հարցերով հանձնաժողովի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։
«Սա թշնամություն է տարածում ոչ միայն հասարակության, այլ անգամ ընտանիքների, բարեկամների, ընկերների մեջ։ Մենք պարտավոր ենք ինչ-որ ձևով միավորվել։
Քաղբանտարկյալները միաժամանակ անձնական ատելության թիրախ են դարձել և վենդետայի մի նոր՝ 21-րդ դարի մի փուլ է սկսվել։ Կարծում եմ՝ պետք է կարողանանք միավորվել և վերջ տալ այս իրավիճակին»,- ասաց նա։
Ասուլիսին ներկա ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն իր հերթին նկատեց՝ քաղաքացիական հասարակության կառույցների մեծ մասը չգոյոթյուն է ցուցաբերում և դրանով իսկ կանաչ լույս վառում իշխանությունների բռնաճնշումների ճանապարհին։
«Գուցե այսօր թվացյալ միջազգային իրավունքի կոմայի մեջ լինելը մեզ մեծ հնարավորութւյուններ չի տալիս, բայց մեր պետության հանձնառությունները և առկա կառույցների ճիշտ օգտագործումը օգնելու են զսպելու այս իշխանությունների ախորժակը՝ հասարակությունը դարձնելու ենթակա և ստրուկ մտածելակերպով մի զանգված, կանխարգելիչ դերակատարում ունենալ մեր երկրի ներսում և Ադրբեջանում»,- ասաց Ձյունիկ Աղաջանյանը։
Արտակարգ և լիազոր դեսպանը շտապեց հիասթափեցնել ՀՀ-ում ներկայություն ունեցող, սակայն բռնաճնշումների նկատմամբ հետևողական լռություն պահպանող արևմտյան դեսպանությունների ներկայացուցիչներին՝ հիշեցնելով, որ հայ ժողովուրդը անցած տարիների ընթացքում ցույց է տվել իր ներքին դիմադրողականության ուժը՝ ներկայացնելով այս կամ այն երևույթի հետ իր անհաշտությունը։










