Ապրիլի 9-ը Վրաստանում նշվում է որպես Ազգային միասնության, քաղաքացիական դիմադրության և 1989 թվականի ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակի օր։
Թբիլիսիում հիշատակի միջոցառումներ են անցկացվել ինչպես պետական մակարդակով, այնպես էլ հասարակական և կրոնական համայնքների մասնակցությամբ: Կառավարության, խորհրդարանի, դիվանագիտական կորպուսի և հասարակության ներկայացուցիչները ծաղիկներ են բերել ապրիլի 9-ի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին:
Նույն օրը, ի պատիվ 1989 թվականի անմեղ զոհերի հիշատակի, Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու զանգերը ղողանջեցին 21 անգամ։
Ավանդույթի համաձայն, Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևորականները հոգեհանգստի արարողություն կատարեցին Երևանի անվան հրապարակում գտնվող հուշահամալիրում, որը նվիրված է ապրիլի 9-ի զոհերի հիշատակին։
Այն խորհրդանշորեն արտահայտում է զոհվածների հիշատակը և համերաշխությունը Վրաստանում տեղի ունեցած ողբերգության հետ։
Հոգեհանգստի արարողությունից հետո հայ համայնքի անդամները հուշարձանը զարդարեցին կակաչներով և կատարեցին Վրաստանի պետական օրհներգը։
Արարողությանը ներկա էին նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և դեսպանատան ներկայացուցիչներ։