Թուրքիան ուղիներ է փնտրում ռուսական S-400 զենիթահրթիռային համալիրները վաճառելու համար (հավանաբար՝ Կատարին կամ Արաբական Միացյալ Էմիրություններին), որպեսզի ազատվի ԱՄՆ-ի CAATSA պատժամիջոցներից և վերադառնա հինգերորդ սերնդի F-35 կործանիչների ծրագրին։ Այս ռիսկային քայլը կարող է թուրքական ղեկավարության համար ավարտվել ազդեցության կարևոր լծակների կորստով՝ առանց դրա դիմաց որևէ իրական երաշխիք ստանալու։
Ամերիկյան կործանիչներ ձեռք բերելու ցանկության հետևում թաքնված է ավելի խորքային ռազմավարական հաշվարկ, որն անմիջականորեն առնչվում է Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռության հետ:
Հասկանալու համար, թե ինչու է Անկարան այսօր շտապում հրաժարվել 2,5 միլիարդ դոլար արժողությամբ ռուսական ՀՕՊ համակարգից, որի համար պատրաստ էր լուրջ հակամարտության գնալ իր դաշնակիցների հետ՝ անհրաժեշտ է գնահատել, թե որքան մեծ վնաս հասցրեց այդ գործարքը։
2019թ., երբ Թուրքիան ստացավ Ս-400 համալիրների առաջին խմբաքանակը, Վաշինգտոնի պատասխանը ամենևին էլ խորհրդանշական չէր։ Թուրքիան պաշտոնապես դուրս մնաց հինգերորդ սերնդի F-35 կործանիչների ծրագրից, որի մասնակիցն էր 2002 թ-ից՝ միաժամանակ լինելով թե՛ գնորդ, և թե՛ արդյունաբերական գործընկեր։
Թուրքիայի կողմից արդեն վճարված վեց հատ F-35 ինքնաթիռները, (ընդհանուր արժեքը՝ 1,4 միլիարդ դոլար), չփոխանցվեցին Անկարային։
2020թ դեկտեմբերին Դոնալդ Թրամփի վարչակազմը CAATSA օրենքի շրջանակներում պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի պաշտպանական գնումների պետական գործակալության (SSTEK) նկատմամբ՝ փաստացի փակելով նրա մուտքը ամերիկյան ռազմական տեխնոլոգիաներին և ռազմատեխնիկական համագործակցությանը։
Թուրքիայի ռազմաօդային ուժերը, որոնք մինչ վերջերս համարվում էին ՆԱՏՕ-ի ուժեղներից մեկը՝ շարունակում են շահագործել աստիճանաբար հնացող F-16 կործանիչների տարբերակները, մինչդեռ տարածաշրջանային մրցակիցներն արագորեն արդիականացնում են իրենց ավիացիան։
Հունաստանը՝ Թուրքիայի պատմական հակառակորդը և միաժամանակ ՆԱՏՕ-ի դաշնակիցը, արդեն միացել է F-35 ծրագրին։
Թուրքիայի հետ սրված հարաբերություններով Իսրայելը շահագործում է աշխարհում ամենակատարելագործված F-35 պարկերից մեկը՝ ինքնաթիռները համալրելով սեփական կառավարման համակարգերով, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և մարտական կիրառման հնարավորություններով, որոնք չունի որևէ այլ օպերատոր։
Թուրքական ԶՈւ համար սա պարզապես վերացական ռազմավարական խնդիր չէ։ Սա տարածաշրջանում օդային գերազանցության իրական կորուստ է այն պայմաններում, երբ ուժերի հավասարակշռությունը արագ փոխվում է։
Ամերիկյան Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրենքի (NDAA) համաձայն՝ ԱՄՆ վարչակազմը չի կարող Թուրքիային փոխանցել F-35 ինքնաթիռներ, քանի դեռ Կոնգրեսին չի ապացուցել, որ Անկարան այլևս չի տիրապետում S-400 համակարգերին։
Այս պահանջը կատարելու տարբերակը, համակարգը Թուրքիայի տարածքից ֆիզիկապես դուրս բերելն է՝ վաճառելով կամ փոխանցելով այն երրորդ պետության։
Սակայն, վաճառքը ևս լի է բազմաթից խնդիրներով: Ս-400-ը երբեք պարզապես զենիթահրթիռային համալիր չի եղել։ Երբ 2017թ. Անկարան Մոսկվայի հետ ստորագրեց 2,5 միլիարդ դոլարի պայմանագիր, այն ստացավ մի բան, որով Կրեմլը հազվադեպ է կիսվում (տեխնոլոգիաների լայնածավալ փոխանցում)։
Թուրքական կողմը ստացավ հասանելիություն համակարգի սկզբնական ծրագրային կոդերին, արտադրական տեխնոլոգիաներին և համալիրի ինտեգրման վերաբերյալ տեխնիկական տվյալներին։ Համագործակցության այս մակարդակը զգալիորեն ավելի խորն էր, քան S-400-ի այլ գնորդների՝ այդ թվում Հնդկաստանի և Չինաստանի դեպքում։
Եթե Թուրքիան վաճառի համակարգը, իր այդ առավելությունը ևս կկորցնի վերջնականապես։
Բացի այդ՝ S-400-ը Անկարայի համար միաժամանակյա ազդեցության լծակ էր թե՛ Վաշինգտոնի, թե՛ Մոսկվայի վրա։
Ռուսական համակարգերի առկայությունը Թուրքիայի տարածքում ստիպում էր Ռուսաստանին հաշվի նստել Անկարայի շահերի հետ։ Ու հենց այդ համակարգերի պատճառով էլ ԱՄՆ-ն չէր կարող պարզապես թելադրել իր պայմանները և ստիպված էր բանակցել Թուրքիայի հետ։
S-400 ՀՕՊ համակարգերի և F-35 ինքնաթիռների միջև ընտրության հարցում, Թուրքիան հայտնվում է ՌԴ-ԱՄՆ (ՆԱՏՕ) միջև հարաբերությունների փակուղային իրավիճակում:
Արտակ Զաքարյան, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար









