Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Անգամ չընդունված՝ աշխատեց. Անահիտ Ավանեսյանը՝ աղի կիրառումն արգելող նախագծի մասին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ուրախ է, որ հանրային սննդի վայրերում աղամանների ազատ կիրառությունն արգելող օրենքի նախագիծը հանրային լայն քննարկման է արժանացել՝ անգամ չընդունված։

«Ես ուրախ եմ, որ այդ նախագիծը մեծ արձագանք ստացավ՝ անգամ չընդունված, աշխատեց, և որոշակի մարդկանց մոտ արձանագրում եղավ, թե իրենք ինչքան աղ են օգտագործում իրենց ռացիոնի մեջ, շարունակաբար աշխատելու ենք մեր վարքագծային փոփոխության համար»,- այսօր լրագրողցների հետ զրույցում ասաց Ավանեսյանը։

Արձագանքելով լրագրողի խնդրանքին, որ պետք է նախարարությունը հայտարարություն անի, որ նման օրինագիծ չկա, մարդիկ չվախենան աղամանը սեղաններին դնել, նա պատասխանեց. «Կարծում եմ` որևէ մեկը չի վախենում»:

Նախարարը հավելեց՝ բոլոր քայլերին դիմում են մեր քաղաքացիների առողջության համար։

Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում էր «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում լրացումներ կատարել։ Ըստ նախագծի` հանրային սննդի օբյեկտներում արգելվելու էր աղաման դնել սեղանին` առանց սպառողի պահանջի, հակառակ դեպքում տնտեսվարողը կտուգանվեր 30 հազար դրամով: