Կիրակի, 26 Հուլիս, 2026

Այսօր մեր ժողովրդի նվիրական զավակ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՄԱՆԹԱՇՅԱՆՑԻ ծննդյան օրն է

Գրող, պատմաբան Խաչատուր Դադայանի ՖԲ էջից, –

Մարդ, որը Հայի անունը հայտնի դարձրեց աշխարհով մեկ:

Մարդ, որը Հային վերադարձրեց արժանապատվության կորսված զգացումը:

Մարդ, որը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու պատվարն էր, հայ աշակերտի, ուսանողի, գրողի, գիտնականի, երաժշտի, ամեն կարիքավորի բարերարն էր:

Գալիք տարի կլրանա նրա ծննդյան 180-ամյակը, և ահա թե ինչ եմ ծրագրել: 2011-ին՝ նրա մահվան 100-ամյակի առիթով, հրատարակեցի ՛՛Ալեքսանդր Մանթաշյանց: Հուշագրություններ, հրապարակումներ, փաստաթղթեր՛՛ ժողովածուն: Շարունակել եմ աշխատել, լրամշակել այդ գիրքը, այսօրվա դրությամբ հայտնաբերել եմ 125 էջ նոր, բացառիկ տեղեկություններ: Սպասում եմ արխիվային փաստաթղթերի Փարիզից և Օդեսայից: Նպատակս է եկող տարի ա՛յս օրը ընթերցողի սեղանին դնել նոր ժողովածու՝ ՛՛Ալեքսանդր Մանթաշյանց: Նյութեր՛՛ վերնագրով, և շնորհակալ կլինեմ ցանկացած աջակցության համար:

Անշուշտ, կարող եմ ժամերով խոսել Մեծ հայի մասին, բայց այս անգամ ցանկանում եմ նրա ծննդյան օրը շնորհավորել յուրահատուկ կերպով: Նոր ժողովածուն ունենալու է բաժիններ, որոնցից մեկի խորագիրն է՝ ՛՛Ալ. Մանթաշյանցը երգիծանքի թիրախ՛՛, և այդտեղից զետեղում եմ մի երգիծապատկեր Թիֆլիսի ՛՛Խաթաբալա՛՛ հանդեսից: Բայց որպեսզի ձեզ հասկանալի լինի դրա իմաստը, ասեմ: Մահվանից առաջ Ալ. Մանթաշյանցը կտակ գրեց, որով միլիոնների մեծ մասը հատկացրեց չորս որդիներին, ընդ որում ստացվելիքից զրկելով նրանց, ովքեր չէին ամուսնանա Լուսավորչական հավատքի աղջիկների հետ: Բացի այդ, 200 հազար ռուբլի էլ կտակեց բարեգործական նպատակների համար: Թիֆլիսցիները հուսախաբվեցին, ամեն ոք ենթադրում էր, որ ինքն էլ ինչ որ բան պիտի ստանա: Երգիծապատկերը դրա մասին է:

Մի խոսքով, ծնունդդ շներհավոր, Ալեքսանդր Իվանիչ…