Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է արտահերթ նստաշրջան. հուլիսի 2-ին, հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը տեղեկացրեց՝ արտահերթ նստաշրջանի օրակարգում ներառվել է 44 նախագիծ, սակայն որպես նախաձեռնողի ներկայացուցիչ՝ անդրադարձավ միայն այն նախագծերին, որոնք առաջարկվել է քննարկել հատուկ, այն է՝ 24-ժամյա ընթացակարգով:
Այսպես, «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և Հանրաքվեի մասին օրենքում վերանայումներ նախատեսող օրինագծերով ներդրվում է բնակության ցենզ ընտրությանը, քվեարկությանը մասնակցելու իրավունքի իրացման համար:
Նախագծերի ընդունմամբ կապահովվի ժողովրդաիշխանության իրականացման համակարգային միասնականությունը՝ երաշխավորելով ժողովրդավարական կառավարմանն այն քաղաքացիների մասնակցությունը, որոնց կապը պետության հետ ունի իրական բնույթ և բովանդակություն:








