Սեպտեմբերի 3-ին, Թեհրանում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ահաբեկչության դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է համարել տարածաշրջանի բոլոր երկրների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը. Հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը։
Նա հավելել է, որ ցանկացած կառավարության ազգային ինքնիշխանության ճանապարհով գնալը նրա տարածքներն ահաբեկչական գործողություններից պաշտպանելու լավագույն միջոցն է։
Ընդգծելով տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ Կովկասում, օտարերկրյա պետությունների ներկայությանը հակազդելու անհրաժեշտությունը՝ Իրանի նախագահն ընդգծել է ցանկացած տարածաշրջանի երկրների միջև երկխոսության և համագործակցության միջոցով խնդիրները լուծելու անհրաժեշտությունը։
Նախագահ Ռաիսին նաև հավելել է, որ տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի ակտիվացումը արդյունավետ միջոց է երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման համար։