Կառավարության նիստերի դահլիճը վստահաբար այն տեղը չէ, վարչապետն էլ՝ այն անձը, որը կարող է միանձնյա որոշել պետական օրհներգի՝ կենդանի կամ ոչ կենդանի հնչողության հարցը։ Azg.am-ի թղղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որ իր մասնակցությամբ բոլոր միջոցառումների պետական օրհներգն այսուհետ պետք է հնչի բացառապես կենդանի կատարմամբ։
«Ընդհանրապես նրա խոսույթը ցույց է տալիս, որ օրհներգի հետ կապված հարցերում Փաշինյանը կարևորում է ոչ այնքան բուն օրհներգը, որքան իրեն, իր անձը։ Հակառակ դեպքում չէր ասի, որ իր մասնակցությամբ միջոցառումների ընթացքում օրհներգը պետք է կենդանի կատարվի։
Սա ինքնին նշանակում է, որ իր համար կարևորն ամեն դեպքում իր անձն է, և պետություն և պետականություն ասելով՝ այդ ամենի կենտրոնում Նիկոլ Փաշինյանն առաջին հերթին իրեն է պատկերացնում»,- ասաց Արմեն Բաղդասարյանը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարության այն հատվածին, որ օրհներգի կատարումը պետք է բոլոր միջոցառումներին միատեսակ լինի՝ սահմանված տակտով, տեմպով և այլն, քաղաքագետը նկատեց՝ կատարումն անխոս պետք է ստանդարտ լինի։
«Ո՛չ պետության զինանշանը, ո՛չ պետական օրհներգը չեն կարող կամայական կատարումներով կամ կամայական պատկերմամբ ներկայացվել։ Պետք է ստանդարտներ գործեն, բայց այդ ստանդարտները որոշողը չպետք է լինի երկրի վարչապետը, չպետք է որևէ մեկը լինի միանձնյա՝ ընդհանրապես։
Դրա համար գուցե պետք է հանձնաժողով լինի, որը համակողմանի կուսումնասիրի այդ հարցը, եզրակացություն ունենալուց հետո այն կներկայացնի հանրությանը, որն էլ հանրաքվեով որոշում կընդունի՝ փոխել զինանշանը կամ օրհներգը, թե թողնել նույնը։
Ընդ որում՝ դա անպայման պետք է լինի մասնագիտական քննարկման արդյունքում, և ոչ թե մեկնումեկի խելքին փչի պետական օրհներգի քառատողերի տեղերը փոխել, հետո, եթե դուր չգա, մեկ անգամ էլ փոխել և այսպես շարունակ։ Պետության ներսում այդպես չի կարող լինել, առավել ևս, որ Նիկոլ Փաշինյանն ինքը պետությունից և պետականությունից է խոսում, բայց նույն ելույթում խոստովանում է, որ օրենք է խախտել. ինչո՞ւ. որովհետև առանց օրենքը փոխելու նա միանձնյա հանձնարարել է օրհներգն այլ ձևով կատարել, այսինքն՝ օրենքը խախտվել է»,- ասաց մեր զրուցակիցը։
Քաղաքագետը կրկին շեշտեց՝ պետական խորհրդանիշների ճակատագիրը, մասնագիտական գնահատականից հետո, պետք է որոշի բացառապես ժողովուրդը. պետք է լինի մասնագիտական հիմնավոր կարծիք, որպեսզի հանրության կայացրած որոշումը համապատասխանաբար լինի արժեքավոր և գիտակցված։
Հիշեցնենք, որ ըստ Փաշինյանի՝ որևէ միջոցառման կազմակեպման ընթացքում ջրին, գինուն, բաստուրմային ու սուջուխին ավելի մեծ նշանակություն ու ուշադրություն են դարձնում, քան օրհներգին, որովհետև, նրա խոսքով, «Յութուբ»-ում հազար հատ օրհներգ կա։
«Հանձնարական եմ տվել՝ իմ մասնակցությամբ բոլոր միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ ու որոշակի որակական ստանդարտին համապատասխան»,- կառավարության երեկվա նիստի ընթացքում ասել էր նա։
Փաշինյանը նշել էր, թե օրհներգի տեքստի մեջ ոչ մի բառի փոփոխություն չի կատարվում, միայն քառատողերրի դասավորվածության փոփոխություն է տեղի ունենում։