Արա Նախշքարյանի ՖԲ էջից, –
ԾԱՆՈԹ. – Այսօրվանից սկսում ենք հրապարակումների շարք՝ նվիրված 1896 թվականի օգոստոսի 14-¬ի իրադարձությանը, որ պատմության մեջ է մտել Բանկ Օտոման անունով: Բոլոր հրապարակումները կլինեն հատվածներ այն օրերի մամուլից, գրքերից և դեմքերից՝ առանց մեկնաբանությունների: Գործողության մասին մանրամասնորեն գրել են Մ. Վարանդեանը իր «Հ.Յ.Դաշնակցության պատմությունը» աշխատության Ա հատորում, Արմէն Գարոն իր «Ապրուած Օրեր» հուշերում, ինչպես նաև կարելի է թերթել 1896¬97թթ. «Դրօշակ»ը և այլ պարբերականներ:
«Պանք Օթօման» և Սամաթիա
Հ.Յ.Դաշնակցութեան Պոլսոյ Կեդրոնական Կոմիտէի որոշմամբ եւ Արեւմտեան Բիւրոյի («Դրօշակ»ի խմբագրութիւն) հաւանութեամբ, 1896 Օգոստոս 14ին Պոլսոյ յեղափոխական կազմակերպութիւնը պոռթկաց: Նոյն օրը, եւ գրեթէ միեւնոյն ժամուն, Օսմանեան մայրաքաղաքին մէջ ծայր տուին Հայոց նորագոյն պատմութեան մէջ արդէն իրենց արժանաւոր տեղը գտած՝ ցուցական¬յարձակողական գործոութիւններ,¬ Օսմանեան Դրամատան գրաւումը եւ Սամաթիոյ կռիւները,¬ ինչպէս նաեւ, բազմաթիւ այլ թաղերու մէջ՝ ուր թուրք զինուորները ու խուժանը անխնայ կ’ուզէին կոտորել հայ անզէն ազգաբնակչութիւնը՝ պաշտպանողական կռիւներ: Մեր նպատակը չէ մանրմասն պատմականը կամ նկարագրութինը ընել յեղափոխական հանրածանօթ այդ աքթերուն, որոնց մասին շատ գրուած է արդէն: Կը բաւականանք տալով նոյն օրերուն «Դրօշակ»ի մէջ տեղ գտած կարգ մը հեռագիրները, ինչպէս նաև կռիւներու նախօրեակին եւ անոնց յաջորդող օրերուն Հ.Յ.Դ. Պոլսոյ Կեդրոնական Կոմիտէի ցրուած շրջաբերականներն ու թռուցիկները:
Հրաչ Տասնապետեան․ «Նիւթեր Հ.Յ.Դաշնակցութեան Պատմութեան Համար», Ա. Հատոր, էջ 163¬-164 ԱՊՍՏԱՄԲՈՒԹԻՒՆ Կ. ՊՈԼՍՈՒՄ, ԱՐԻՒՆԱՀԵՂ ԿՌԻՒՆԵՐ ՍԵՓԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐՆԵՐ (Սոֆիայի վրայով), 31/19 Օգոս., 1896թ.
Ապստամբութիւն է Պոլսում: Դաշնակցականները գրաւել են Օսմանեան բանկը, կոտորելով զինուորներին եւ պահապաններին: Սպառնացել են օդը բարձրացնել բանկը, եթէ դեսպանները բաւարարութիւն չտան հայերի պահանջներին: Երկար բանակցութիւններից յետոյ ռուսաց դեսպանատունը խոստացել է կատարել Կոմիտէի պահանջած կէտերը, ինչպէս եւ բանկի մէջ գտնուողների ապահովութիւնը: Խումբը զինուած դուրս է եկել բանկից եւ զէնքը պահպանելով մտել է անգլիական նաւը: Քաղաքի զանազան մասերում դաշնակցական միւս խմբերը դիմադրել են զինուորների ու խուժանի յարձակման: Բազմաթիւ տաճիկներ են կոտորուել: Տաճիկները յարձակուել են անպաշտպան թաղերի վրայ եւ սոսկալի կոտորած արել : Դրութիւնը սոսկալի է:
1/20 Սեպտեմ., 1896թ.
Զինուորնեը եւ խուժանը շարունակում են կոտորածը: Մերոնք դիմադրում են ռումբերով: Դաշնակցական Կեդրոնական Կոմիտէն սպառնացել է թափել իր ամբողջ ոյժը, եթէ անզէնների կոտորածը շարունակուի: Դեսպանները խստիւ են միջամտել եւ կառավարութիւնը խիստ միջոցներ է ձեռք առել:
Մանրամասնութիւնները՝ նամակով:
ՕՍՄԱՆԵԱՆ ԲԱՆԿԻ ԳՐԱԻՈՒՄԸ
ԲԱՆԿԸ ԳՐԱՎՈՂՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
(Ներկայացրած ֆրանսերէն լեզուով)
Մեր պահանջներն են.
• Ապահովել միջազգային միջամտութեամբ ամբողջ երկրի խաղաղութիւնը:
• Ընդունել բոլոր պահանջները, որ դրել է Հ. Յ. Դաշնակցութեան Պոլսոյ Կեդրոնական Կոմիտէն:
• Մեր դէմ ոյժ գործ չդնել:
• Կեանքի կատարեալ ապահովութիւն թէ՛ բանկի մէջ գտնուղների եւ թէ՛ քաղաքի այլ մասերում խառնակութեանց մէջ մասնակցողների:
Բանկի շարժական կայքը, դրամը կը մնան անվնաս մինչեւ մեր պահանջների գործադրութիւնը: Հակառակ դէպքում բոլոր թղթերը, դրամը կ’ոչնչոցնենք եւ մենք էլ ծառայողների հետ միասին բանկի փլատակների տակ կը գտնենք մեր մահը: Մենք ստիպուած ենք դիմել այս ծայրահեղ միջոցներին:
Դա մարդկութեան դատապարտելի անտարբերութիւնն է, որ մեզ հասցրել է այս աստիճանին: