Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհուրդը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին զբաղվել հայ գերիների ազատման հարցով

232

ԱՄՆ-ում Քրիստոսի Եկեղեցիների Ազգային խորհուրդը (NCC) վերահաստատել է Լեռնային Ղարաբաղում (Արցախում) խաղաղ գործընթացի կարևորությունը և կոչ արել ազատ արձակել հայ ռազմագերիներին:

«NCC-ն Միացյալ Նահանգներին կոչ է անում անհապաղ անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախի ժողովրդին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տներն՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած հարձակման ժամանակ, որի արդյունքում տեղահանվել է ավելի քան 50 000 էթնիկ հայ: Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին ակտիվորեն բանակցել հայ զինծառայողների և այն քաղաքացիների անվտանգ վերադարձի շուրջ, որոնք պահվում են 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի խախտմամբ: Մենք նաև կոչ ենք անում ճանաչել 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանությունը։

Մենք ողջունում են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին ուղղված՝ Կոնգրեսի 101 անդամների կողմից ստորագրված նամակը, որով շեշտվում է «Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում (Արցախում) շարունակվող հումանիտար ճգնաժամի» լուծման կարևորությունը:

Միացյալ Նահանգները պետք է լուծի COVID-19-ի համավարակի ժամանակ այդ տեղահանված ընտանիքների սննդի, պաշտպանության, բնակության հետ կապված հրատապ ու զգալի խնդիրները:

Մենք կոչ ենք անում նախագահ Բայդենին և պետքարտուղարին գործողություններ ձեռնարկել և պայմանավորվել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց ազատ արձակման շուրջ: Չնայած այն հանգամանքին, որ հրադադարի մասին համաձայնագիրը նախատեսում էր, որ Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին և ձերբակալված քաղաքացիներին, Ադրբեջանը հրաժարվեց պահպանել այդ համաձայնագիրը։

Անհայտ թվով, ենթադրաբար, ավելի քան 200 հայ, նախկինի պես գտնվում է գերության մեջ։ Շատերը գերի են ընկել ռազմական գործողությունների ավարտից հետո։ Մենք վախենում ենք կալանքի տակ գտնվողների հանդեպ դաժան վերաբերմունքից և կտտանքներից։

Մենք ափսոսում ենք հակամարտության ընթացքում եկեղեցիների և կրոնական հուշարձանների ավերման համար։

Զինված հակամարտության ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի կոնվենցիայի համաձայն՝ Ադրբեջանը պարտավոր է իր ագրեսիայի ժամանակ պաշտպանել մշակութային ժառանգությունը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների անկախ առաքելությունը պետք է թույլտվություն ստանա մշակութային արժեքների նախնական գույքագրում իրականացնելու համար, որպեսզի ձեռնամուխ լինի տարածաշրջանի ժառանգության պահպանմանը:

Մենք կոչ ենք անում նախագահին՝ պահպանել իր խոստումը և պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը 2021 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, որպեսզի էլ ավելի ամրապնդվի ԱՄՆ-ի հավատարմությունը մարդու իրավունքներին»: