Գեղամ Նազարյանի վերջին հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, իր անձնական ընկալումներն են, որոնք, բնականաբար չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետը. Հայտնում է խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Հիշեցնենք, որ երեկ Գեղամ Նազարյանը լրատվամիջոցներին տեղեկացրել է, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա։
«Ո՛չ, ըտենց օրակարգ չկա, չգիտեմ՝ ով ա դա մտցրել…ի՞նչ ա նշանակում՝ եկել ենք խորհրդարան, որ հեռացնենք։ Այսինքն, խորհրդարանում ինչ-որ սամբոյի «պրիյո՞մ» պիտի անենք, որ Փաշինյանին հեռացնենք»,- ասել է Նազարյանը։
Ագնեսա Խամոյանը թեմայի առնչությամբ շարունակել է.
«Մեր թիվ մեկ օրակարգը ինչպես եղել, այնպես էլ մնում է այս իշխանություններին հեռացնելը, եւ բնական է, եթե խմբակցության որեւէ պատգամավոր չի կիսում այդ գաղափարը, հարցը պետք է դառնա քննարկման առարկա»։
Գեղամ Նազարյանը նաև ասել է, որ «Հայաստան» խմբակցությունում իրեն մանդատից զրկելու հարց չի քննարկում։ Ինքն էլ մանդատ վայր դնելու մտադրույթուն չունի։
Այդ առնչությամբ Խամոյանը հայտնում է.
«Խմբակցությունը Գեղամ Նազարյանին մանդատը վայր դնելու «խնդրանքով» չի կարող դիմել, բայցեւ ակնհայտ է, որ քննարկվելու է խմբակցությունում պարոն Նազարյանի հետագա գործունեության հարցը:
Թե ինչ կորոշվի խմբակցության նիստից հետո, պարզ կլինի միայն նիստից հետո։ Նիստի ժամկետների մասին հավելյալ տեղեկություններն՝ ավելի ուշ»։
Նշենք, որ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում հրապարակել է Գեղամ Նազարյանի, Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանի հետ լուսանկար՝ Վիետնամից։
Այդ լուսանկարը հանրային քննարկման առիթ է դարձել. շատերը քննադատել են Գեղամ Նազարյանին, որ նա լինելով ընդդիմադիր պատգամավոր, որի որդին զոհվել է 44-օրյա պատերազմում, համաձայնել է իշխանական թևի հետ մեկնել Վիետնամ և համատեղ լուսանկարվել։
Գեղամ Նազարյանը պատերազմից հետո բազմաթիվ անգամներ հրապարակավ հայտարարել է, որ եղածի համար, նաև իր որդու զոհվելու մեջ մեղավոր է Նիկոլ Փաշինյանը և պահանջել է նրա հրաժարականը։
Հիշեցնենք, որ Գեղամ Նազարյանն ամիսներ առաջ հայտարարել է, որ նա ներել է Նիկոլ Փաշինյանին։