Ինքս արձանագրել եմ քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասումների, ինքնասպանությունների դեպքերի հետ կապված բազմաթիվ խնդիրներ, բայց դրանով խնդիրները չեն սահմանափակվում. խնդիրներ կան նաև հացադուլի վարման և ընդհանրապես պայմանների առնչությամբ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
«Եվ դա է պատճառը, որ բացի մեր ընթացիկ այցերից, որ պարբերաբար ենք իրականացնում քրեակատարողական հիմնարկեր, ես ինքս տարին սկսել եմ քերակատարողական հիմնարկներ մեծամասշտաբ անձնական այցերով։ Քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասումների և ինքնասպանությունների կանխարգելման հետ կապված համակարգային խնդիրներ են առկա։ Կարծում եմ՝ պետք է համակարգն ամբողջությամբ բարեփոխվի։ Շատ մեծ խնդիրներ կան ազատազրկված մարդկանց բժշկական օգնության և սպասարկման հարցերում, և այստեղ միանշանակ ինստիտուցիոնալ բարեփոխումներ են անհրաժեշտ»,-շեշտեց Անահիտ Մանասյանը։
ՄԻՊ-ը միաժամանակ չմատնանշեց կոնկրետ անձանց, որոնք ուղիղ պատասխանատվություն են կրում ՔԿՀ-ներում նման իրավիճակի համար՝ նկատելով, որ համակարգային թերությունները վերացնելու հարցում անելիք ունեն ինչպես Առողջապահության նախարարությունը, այնպես էլ, հնարավոր է, առանձին անձինք, որնք պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ կարգապահական կամ ընդհուպ քրեական։