Այսօր հրավիրված հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ Աննա Հակոբյանը նախապես հայտարարեց՝ խոսելու է բացառապես մեկ թեմայի շուրջ, այն է՝ իր փաստաբանական թիմին խնդրել է ուսումնասիրություն կատարել՝ նախաձեռնելու հետևյալ երկու գործողությունները՝ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրեական գործի հարուցման նպատակով հաղորդման ներկայացման հնարավորությունը և «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ հայցադիմումի ներկայացման հնարավորությունը՝ «Իմ քայլը» հիմնադրամի գործարար համբավին, հեղինակությանը հասցրած վնասները հատուցելու պահանջով։
««Անկախ դիտորդ» դաշինքի ֆեյսբուքյան էջից և մամուլի հրապարակումներից տեղեկանում ենք, որ դաշինքն ապրիլի 22-ին դիմում է ներկայացրել վարչական դատարան, որի համար հիմք են հանդիսացել ընտրություններին նախորդող այս փուլում «Իմ քայլ»-ը հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումները։ Իրենք քարոզչական ուղղակի փաստեր չեն հայտնաբերել, սակայն հիմնադրամի բարեգործական ծրագրերն ու իմ կերպարն ասոցացրել են իշխող քաղաքական ուժի հետ։
««Իմ քայլը» ասոցացվում է ՔՊ-ի հետ, փաստ է Աննա Հակոբյանի ասոցացումը»,- ասում են նրանք։ Ինչպես նշված է մի հոդվածում, եթե վարչական դատարանում ապացուցվեն «Իմ քայլը» հիմնադրամի խախտումները, ինձ սպառնում է մինչև 6 մլն դրամի չափով տուգանք։
Ես հայտարարում եմ, որ խախտվել են իմ՝ Սահմանադրությամբ, մի շարք օրենքներով և միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող իրավունքները. մասնավորապես՝ Սահմանադրության հոդված N7-ը՝ Ընտրական իրավունքի սկզբունքները, սահմանում է՝ ԱԺ և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ։ Մասնավորապես իմ հանդեպ խախտվել է այս հոդվածը։
ՀՀ ընտրական օրենսգրքի 4-րդ հոդվածը՝ ազատ ընտրական իրավունքը, սահմանում է՝ ընտրություններն անցկացվում են ընտրական իրավունքի իրականացման, ազատության և կամավորության սկզբունքների հիման վրա։ Խախտվել են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի կարգավորումները. ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի։ Խախտվել են կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի համապատասխան դրույթները»,- ասաց Աննա Հակոբյանը։









