Միակ պատռճառը, որ Նիկոլ Փաշինյանը չի հրապարակում զոհվածների անվանացանկը, թե 44-օրյայի, թե այս վերջին ագրեսիայի արդյունքում զոհվածների անունները, որ մենք չիմանանք զոհերի իրական քանակը: Այս մասին ֆեյսբուքյան իր լայվում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Մնացած ամեն ինչը ցինիկ, ստոր, անբարո սատանեական խրախճանք է այդ երեխեքի գերեզմանների վրա, ինչպիսի խրախճանք էր սեպտեմբերի 21-ին իր Եռաբլուր այցելությունը եւ ոսկորների վրա ոստիկանական պարը»,-ասաց նա:
Անդրադառնալով այն առաջարկին, որ 3 նախկին նախագահները պետք է սատարեն Փաշինյանին այս դժվար իրավիճակում, Աշոտյանն ասաց, որ Փաշինյանը երեկ տվեց դրա պատասխանը. «Տեսաք, որ ինքը ասեց` ես ձեր կարիքը չունեմ, ամբողջ պատասխանատվությունը վերցրել եմ ինձ վրա: Բայց դուք նրանից պատասխանատվություն վերցնե՞լ եք տեսել, ոչ մի բանի համար նա երբեք պատասխանատվություն չի վերցրել իր վրա»:
Աշոտյանի խոսքով` խնդրահարույց է փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելու հետ կապված այն, որ Ադրբեջանը հետագայում կարող է դուրս գալ ԱՊՀ-ից, որի դեպքում մենք կկանգնենք լուրջ դժվարությունների առջեւ:
«Եթե անգամ տարածքային ամբողջականությունը ճանաչված է ու սահմանները գծված են, համաշխարհային պատմության քանի դեպք քեզ թվարկեմ, որ ապացուցում է, որ եթե թույլ ես, բանակ չունես, ի վիճակի չես քեզ պաշտպանես, ապա ոչ մի միջազգայնորեն ճանաչված սահման չի պաշտպանելու քեզ հարձակումներից»,-ասաց նա:
Աշոտյանն անդրադարձավ նաեւ նրան, որ Փաշինյանը հայտարարում է, որ խաղաղության պայմանագիրը կարող է չանդրադառնալ Արցախի հարցին, ասաց, որ հնարավոր չէ Արցախի հարցը դիտարկել հայ-ադրբեջանական հարաբերություններից դուրս:
«Փաշինյանը անասունություն է ասում, որ Ադրբեջանը թող գնա Արցախի հետ բանակցի: Արախից հրաժարվեցինք թուրքը չոքել է Ջերմուկի մոտ, մենք էլ ապաստարան ենք ման գալիս»,-ասաց նա: