Աբովյան փողոցի այս պատմական շենքը, որը պատկանել է հայտնի հասարակական գործիչ, բժիշկ Արամ Տեր-Ավետիքյանին, բացառիկ է իր ճարտարապետությամբ և պահպանվում է պետության կողմից: Այն արտ նուվո ոճի միակ պահպանված ճարտարապետական հուշարձանն է Երևանում:
Օրեր առաջ շենքի ճակատի սրբատաշ քարերը ավազաշթային եղանակով մաքրելու հետևանքով շենքի ճարտարապետական տեսքը զգալիորեն խաթարվել է, որի արդյունքում սրբատաշ քարերը դարձել են ծակոտկեն, մակերեսը՝ ոչ հարթ: Այդպիսի անպատասխանատու ու անվերահսկելի ինքնագործության արդյունքում, տարիներ անց ծակոտկեն քարերը արևի, քամու ու անձրևաջրերի ներգործությամբ կքայքայվեն ամբողջությամբ:
2019 թվականին ու օրեր առաջ տողերիս հեղինակի արված երկու լուսանկարների համեմատությունը լավագույն վկայությունն է այն բանի, որ ԿԳՄՍ նախարարության անպատասխանատու ու հանցավոր գործելաոճի արդյունքում ևս մեկ հուշարձան է խեղվում մեր օրերում: Անկախ այն բանից, թե ում սեփականությունն է հանդիսանում այս կամ այն պատմական շենքը, ցանկացած ներգործություն, լինի դա մաքրման կամ վերանորոգման նպատակով, ՊԱՐՏԱԴԻՐ կերպով պետք է վերահսկվի վերոնշյալ նախարարության կողմից:
ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ: Այս ձևակերպումը ԿԳՄՍ-ի համար չի:
Ավաղ, սա միակ դեպքը չի: Նույն բախտին են արժանացել Բուզանդի 38 հասցեում գտնվող պատմական շենքը և Արամի փողոցում գտնվող երևանցի գործարար Ֆադեյ Թադևոսյանի առանձնատան ճակատը (ԳԱԱ փիլիսոփայության ու սոցիոլոգիայի նախկին մասնաշենքը):
Անզեն աչքով նկատելի է, որ այս շենքերի ճակատների սրբատաշ մակերեսները ավազաշթային եղանակով մաքրելու արդյունքում վնասվել են՝ սրբատաշ քարերը վերածելով ծակոտկենի:
Աշխարհում գոյություն ունեն հուշարձանների ավելի քաղաքակիրթ ու մասնագիտական համապատասխան մշակումների վրա արվող մաքրման եղանակներ, այլ ոչ թե նման բարբարոսություն:
Խստիվ պետք է արգելել հուշարձան-շենքերը այս եղանակով “մաքրելու” աշխատաոճը՝ վերահսկողություն սահմանելով սեփականատերերի կողմից պետական պահպանության տակ գտնվող շենքերն այս կերպ խեղելու կամայական որոշումները:
Չնայած, ու՞մ ենք ինչ ասում…
Հայկ Դեմոյան, պատմական գիտությունների դոկտոր, հրապարակախոս, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն









