Վաղը չէ մյուս օրը Տիգրանաշենը Տավուշ է լինելու. ինչ է, սրա մասին չխոսե՞նք։ Տիգրանաշենը ստարտեգիական կետ է, և պետք է ժողովրդին տեղյակ պահենք, որ չկա որևէ փաստաթուղթ, որով այն երբևիցե եղել է Ադրբեջանի կազմում։ Տիգրանաշենում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Միասին» շարժման անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Նրա խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինայնը Հայաստանի մակետն է ցուցադրում և ցանկանում է անկլավներ հանձնել Ադրբեջանին, ապա այդ մակետի վրա պետք է անցքեր լինեն, մինչդեռ անցքեր չկան։
«Եթե պայմանականորեն ընդունենք, որ անկլավ կա, դրանից մինչև Նախիջևան 12 կիլոմետր է։ Ինքը դա էլ է տալիս։ Բայց սա Հայաստանի սուվերեն տարածքն է։ Այսինքն՝ այս գյուղից հետո պետք է լինի ադրբեջանական սահմանապահ, Հայաստանի սահմանապահ, հետո Հայաստանի սահմանապահ, նորից Ադրբեջանի սահմանապահ։ Իր արածները բացարձակ աբսուրդ են։
Հետո, երբ ասում է՝ տարածք չենք տվել, մի սանտիմետր տարածք տանք՝ ռեֆերենդում կլինի, ոչ մի ռեֆերենդում էլ չի լինի։
Հաջորդը՝ Փաշինյանն ասում է՝ ադրբեջանցիք մեզ ասում են, որ մենք իրենցից գյուղատեղի ենք վերցրել, իսկ իրենք մեզնից չեն վերցրել։ Սուտ է ասում. բա Արծվաշե՞նը։ Կամ Բարխուդարլին գյուղատեղի՞ է։ Մի խոսքով, այս ստերի տարափը…
Ինքն իր ժողովրդին կառավարությունից և մարզպետարանից տանում-նստեցնում է Ոսկեպարում, նրանց դիմաց խոսում։ Այնտեղ ոսկեպարցի չկա. կարող է մեկ-երկու հոգի վերջում թողել են, որ նստեն»,- ասաց Հրանտ Բագրատյանը։
ՀՀ նախկին վարչապետը շեշտեց՝ գործող իշխանությունները բզկտում են Հայաստանը. այս գյուղը տալով՝ընդհատվում է ճանապարհը դեպի Սյունիք։
«Իհարկե, կարելի է գյուղամիջյան ճանապարհներով՝ Վեդիով, Ուրցաձորով դուրս գալ, բայց անմիջական վտանգի տակ են հայտնվում Պարույր Սևակ գյուղը, Չիվան ու Ելփինն էլ «վարի են գնում»։ Տիգրանաշենը հանձնելով՝ 4 գյուղ է դատարկվում։
Իսկ եթե Իջևանում Բարխուդարլուն նք հանձնում, անպայման պետք է դատարկվեն Այգեհովիտը, Վազաշենը, այնուհետև՝ Պառավաքարը։ Կդատարկվեն նաև նույն Ոսկեպարը, Կիրանցը, Բաղանիսը։ Մի խոսքով, այնտեղ էլ մենք զրկվում ենք ճանապարհից, որով դուրս ենք գալիս Վրաստան»,- ասաց Հրանտ Բագրատյանը։
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, որ սահմազատումը կարող է սկսվել հենց Տավուշից, ՀՀ նախկին վարչապետը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանը բոլորիս հիմարի տեղ է դնում։
«Սահմանազատումն սկսում է նախ նրանից, որ պայմանավորվում են, թե ինչպե՞ս պետք է սահմանազատում արվի, ո՞ր քարտեզներով։ Դա չորոշած՝ մենք այս ամենը կտանք, խաղաղության պայմանագիրը կլինի, բայց արդյունքում ոչ մի տեղ գրված չի լինի՝ որտե՞ղ է սկսվում և վերջանում Հայաստանը։ 2025-ին, 2026-ին, 2027-ին Ադրբեջանն անընդհատ նոր բաներ է ուզելու. այս գյուղերից հետո նրանք կուզեն երեք ճանապարհ։ Հայաստանն, ամոթից ելնելով, դա անվանում է «խաղաղության խաչմերուկ»։ Դա այն է, որ Սյունիքով երեք անվերահսկելի ճանապարհ տանք Ադրբեջանին՝ դեպի Նախիջևան»,- ասաց Հրանտ Բագրատյանը։
Նախկին պաշտոնյան ընգծեց՝ Ալիևի դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանին հայկական հողերի պատկանելության վերաբերյալ որևէ քարտեզ չի հետաքրքում, հետաքրքում են միայն Փաշինյանի՝ 2018-ին տված խոստումները։
Ըստ Բագրատյանի՝ 80-ականների ՝ 100-ից ավելի մոսկովյան արձանագրություններով ֆիքսված է՝ Ադրբեջանի տարևածքում կա հայկական մեկ անկլավ՝ Արծվաշենը, իսկ ահա Հայաստանի տարածքում՝ ադրբեջանական ոչ մի անկլավ։
Ազգակործան այս ընթացքի կասեցումը, ըստ ՀՀ նախկին վարչապետի, մեկն է. մարտի 27-ին՝ ժամը 18։00-ին, կես միլիոն մարդ, «Միասին» շարժման, իր և Արամ Սարգսյանի նախագահությամբ պետք է փոխի իշխանությունը։
«Լցվեք, փոխեք, ոնց որ 2018 թվականին ոգևորվել էիք, փոխում էիք։ Տալուց չի երևում՝ վերջը որտեղ է. մեկը տալիս ենք, մյուս գյուղերն են բացվում։
Փաշինյանը ձևերը գիտի. գալիս է, ասում է՝ «Քո տունը տուժում ա, ոչինչ, փող կտամ։ Տալիս եմ ավելի շատ, քան քո տունն արժե»։ Զոհված երեխեքի ծնողներին փողով դարձնում է իր համակիրը՝ պետական բյուջեի հաշվին։ Փող չի մնում բյուջեում»,- ամփոփեց Հրանտ Բագրատյանը։