Ամերիկացի միլիարդատեր Բիլ Գեյթսը պատասխանատու է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի համար, քանի որ նա վերահսկում է համաճարակի դեմ պայքարի ԱՀԿ ռազմավարությունը: Այս կարծիքն է արտահայտել ՌԴ Պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆյոդորովը:
«ԱՀԿ-ն մեծ գումարներ է ստանում ամերիկացի օլիգարխներից, այդ թվում`Բիլ Գեյթսից: Սովետական տերմինաբանությամբ նա Քաղբյուրոյի անդամ է, որը պատասխանատու է համաշխարհային բժշկության համար: Նա պատասխանատու է համաճարակի դեմ պայքարի ձևաչափի կամ դրա ստեղծման համար: Նա մեզ «դուրս է գրել» հիվանդ լինել ևս երկու տարի: ԱՀԿ-ի ռազմավարությունը բերում է տնտեսության անկման և երկամյա հիվանդության», նրա խոսքերը մեջբերում է НТВ-ն։
Ըստ պատգամավորի՝ COVID-19 համաճարակը ձեռակերտ է:
Նախորդ օրը Բիլ Գեյթսն ասել էր, որ կորոնավիրուսային համաճարակը դժվար թե ավարտվի նույնիսկ 2021 թվականին: Միլիարդատերը համարում է, որ ամենայն հավանականությամբ այն կավարտվի 2022 թվականին: