Չոր ապրիլ

546

   Պստլոն իր գոնդոլ թաթիկը մտցրեց արևից պսպղացող գանգուրների մեջ, մի պահ հապաղեց, մյուս ձեռքի ափով կկոցող աչքերի դեմ տանիք պարզեց և բոբիկ, կրունկային գունդ-գունդ քայլերով մտավ այգի: Մայրաքաղաքի արվարձանային տներից էր՝ դաշտային քարտեզների խճճող գծերի պես բակ, աջ ու ձախ, վերև ու ներքև հարևաններ, և, բնականաբար, փոքրիկ հողամասով: Այդ փոքրիկ հողակտորն անանցանելի էր վայրի մոշի անարգել հարձակումներից, որ քիչ այն կողմ կիսավեր սովետական «մետաքս կոմբինատ»-ի անշունչ պարիսպներից խուժում էր ամենուր: Գործարանը, որ փակված էր ու թալանված, դող առաջացնող մի հետաքրքրություն էր բակի երեխաների համար, և իր անմատույց պարիսպն էլ խորհրդավորության պատնեշ էր թվում. մեծ-մեծ քարերով արգելանք, որի վրա մագլցել, առավել ևս զավթել՝ անզոր էին նույնիսկ մանկական ամենապինդ ու ջլոտ բազուկները: Բակի ավագ տղաները, որ ավարտական դասարաններում էին, ու փոքրերի աչքին թվում էին հաղթանդամ և ուրիշ՝ անծանոթ կյանքով ապրող մեծեր, պատմել էին, որ գործարանին պատկից տան ձեղնահարկով թռել են գործարանի բակ, գտել գունավոր գնդակներ՝ իրենց մանկությունից կորած, գտել են պղինձ-ալյումինե մալուխներ ու կտորտանքներ, որոնք տղաներից մեկի հետաքրքրասեր հոր երկարավուն աստիճանի և հարևանության «շախ»-ին հետևելու արդյունքում դուրս են բերվել, ընդունման կետերում հանձնվել, մսխվել պատանեկական մանրիկ վայելքներում (իհարկե, այդ հետախույզ հայրը իր հասանելիք «ստոլիկ» օղին հասցրել էր պարպել տղայական այդ հասույթից):

    Փոքրիկ տղան, մանր ու զգուշավոր քայլերով անցավ վայրի մոշերի միջով՝ նախորդ դարի կեսերից մնացած թուջե ջեռուցման համակարգի վրայով, որ հիմա ծայրեծայր գցված էր որպես ցեխերից խույս տալու կածան: Հասավ տղան այգու վերջը, ուր մի փոքրիկ ստվերի մեջ կուլուլվել էր գառնուկը՝ մանկական ընկերը, որ գնվել էր ամենամյա խնայողության ապակե ամանի ջարդելով: Տղան գիտեր, որ սա մնայուն ընկեր չէ, ինչպես իր մանկության լայներախ շունը, որ ծերացավ ու գնաց մի օր: Տղան հասկանում էր, որ սա մատաղացու ընկեր է, իր ծննդյան քեֆը ապահովող ընկեր է, ընկեր է՝ երեք օրով: Գառը նախորդ օրը աշխույժ էր, թռվռում էր՝ զարմացնելով բակի շունուկատվից զատ կենդանի չտեսած երեխաներին: Իսկ այսօր թլֆած փռվել է մուգ կապույտ ստվերում, իսկ երեսը թեքում է իրեն հրճվանքով փնտրող գանգռահեր պստլոյից: Չորուկ խոտը դեմն է՝ չի կերել, որ նախօրեին որոճում էր աղանդերային հրապուրանքով: Առավոտ կանուխ եկել էր գյուղի գառնարած բարեկամը, զննել, կարճ կոթով կացինն ու սպանդի դանակը թողել հենց բակում՝ հաջորդ օրվա խրախճանքի մեկնարկի համար…

   Բակի ընդհանուր դարպասը շրխկաց: Մանկական թրթռանքով այգու առաջ երեևաց պստիկ տղայի ընկերը՝ բոթասներով, շորտով, ու աչքերում պահած երեխայական մի խայտ՝ նոր բան տեսնելու պայմանավորվածություն: Ընկերը մոտեցավ գառանը, ինչ-որ անորոշ շոյեց, որին ի պատասխան գառնուկը պլշկեց աչքերը մի պահ ու թեքեց երեսը: Դա կիսազբաղ շոյանք էր, մինչև պստիկ տղան ավազեհատիկները սանդալներից թափ տա, հագնի ու վազեն մագլցելու՝ նախօրորք պլանավորված երթուղով, որ պիտի հաներ ուղիղ գործարանի պարսպին: Տղաները թռչկոտելով ելան ցանկապատից հարևանի տուֆե պարիսպը, առաջացան երկայնքով մեկ, մոտեցան խոշոր բազալտներով ու ժանգոտած փշալարերով «մետաքս»-ի պատին: Առաջին անգամ հպվեցին սևավուն քարերին, որոնց արանքից ծեփոնը փոշիացել, թափվում էր: Այնքան էլ բարձր չէր՝ մետրից քիչ ավելի: «Ներքև չնայես»,- ասեց ընկերը, որ մի երկու տարի մեծ էր և ավելի համարձակ: Նա գրեթե ջանք չթափեց և թռավ հաստ պարսպի վրա՝ փշալարի միջով: Պստիկ տղան աչքի պոչով ներքև նայեց՝ գլխապտույտ բարձրություն, երևի մի հինգ մետր, ու դեռ մի մարդաբոյ էլ պիտի մագլցեր: Ճանկռտոցներով, փշալարի ասռումով անցավ, բաց թողեց ընկերոջ ձեռքը, մի պահ փորձեց գիտակցել իր նվաճումը, տեսավ լրիվ ուրիշ հորիզոն և զարմանքից հափշտակված առաջացան լայն պարսպի վրայով: Արդեն հանգիստ քայլում էին՝ լարերի ցցերից բռնվելով, և հասան փողոցի կողմին: Հրճվանքով նայեցին տան կտուրներից էլ վեր բարձրությունից ամենօրյա վազքուղի փողոցին: Լճեր թվացող փոսերը մա՜նր կետիկներ էին, անցուդարձող մի երկուսը՝ շեղակի գծեր, որ իջնում էին թեք փողոցով: Անկյունային հատվածում, գործարանի պարսպին փաթաթված ու համառորեն աճած մի թթենի էր: Պատահականորեն երկարել էր, խճճվել փշալարերի քարկապներում: Կամաց-կամաց, կատվի զգուշավորությամբ տղաները թռչկոտեցին ծառով վար ու թրփացին խորհրդավոր գործարանի լքված բակը: Սա իրենց մեծագույն հայտնագործությունն էր: Սա արդեն ո՛չ «Դալմի» բաղերից ծիրան թռցնել էր, ո՛չ կողքի փողոցների անմատույց թվացող պարիսպներ հաղթահարելն էր, ո՛չ էլ աղջիկ էրեխեքի մոտ հերոսական թվալու համար ծունկ ու արմունկ քերծել: Սա նվաճում էր և իրենք էլ առաջին պարտիզաններն էին, որ հաջողությամբ մտել էին թշնամու արդեն լքված տարածք… Նրանք աչքերը չորս արած շրջում էին, տեղ-տեղ փորձում թաքուն վազ տալ՝ ներշնչելով, թե գուցե ֆիլմերի նման մի քանի զույգ աչքեր են հետևում: Նրանք ապշանքով ու հայտնագործություն կարծելով էին նայում հողով լցված սովետական ջերմուկի թափթփված շշերին, ծխախոտի մաշռտված տուփերին, երկաթե լարերի կցոններին: Բուն շինությանը կողքից մի քանի անգամ տնտղեցին, և ներս մտնելու վախին տվեցին տարբեր անուններ. «բա որ ներսը մարդ ըլնի», «հա՜, ոնց որ ձեն էլ էկավ», «չես հիշու՞մ՝ էն բանը ասում էր՝ ստեղ ինչ ասես անում են», «թալանում են, կապում են, սրսկում են… հեն ա, էն սպռիչն էլ ընդե ա»: Ֆանտազիայի գերակշռող մասն, իհարկե, մի երկու տարի մեծ ընկերոջինն էր…

    ….Հեռվից կնոջ ձայն լսվեց, անըմբռնելի մի հարայհրոց, որ անքամի օդում հազիվ էր հասնում ականջներին: «Մաման ա»,- ասաց պստիկ տղան: Արագ-արագ ցատկոտեցին բարալիկ թթենու ճյուղով վեր, ելան սև պարսպին, փողոցն արդեն տերևների ու փշալարերի արանքից երևում էր: Շեկ մազերով կինը, ափերը խոնավ ու կանաչու կտորտանքներով, մի ձեռքին էլ խոհանոցի գործը կիսատ թողած դանակ, շնչակտուր վազում էր գառան հետևից թեք փողոցով վեր: Տղաներն այլևս մոռացան ետ դարձի քիչ թե շատ ապահով ուղին ու փողոցի կողմից հապճեպ ու անզգույշ սկսեցին կախվել ցած: Շրփացին տարածաշրջանի հռչակավոր բժշկի մուխուծխից փոշոտող խաղողի թառմին, այդտեղից էլ վար: Եվ վերջ, արդեն փողոցում էին, ներքևից պարիսպը, արդեն նվաճված պարիսպը հասարակ ու գորշ քարերի կույտ թվաց մի պահ: Մի տաք բան  զգաց պստիկ տղան ուսով մեկ, հետո սրունքներին. արյունն էր լորտուի սողանքով գալարվում: Ընկերն էլ պակաս չէր քերծվել ու արյունվել: Դեռ տաք ու խուճապահար վազ տվեցին գառան հետևից:  Նախ հասան շնչակտուր կնոջը, որն արդեն հոգնաբեկ կանգ էր առնում փողոցի կեսին, բայց վաղվա սպասվելիք հյուրերը, եռուզեռը, մասշտաբային խնջույքը, մատա՜ղը վերջիվերջո: Բա որ գառը խաչմերուկից թեքվեր ու գայլի դատողությամբ մեկը հենց այնպես դներ ավտոն ու տաներ… նույնն էր, ինչ նախօրեին ջարդած «կաս»-ից ուղղակի թավեին հինգհարուրանոցները, հազարանոցները, մանրիկ դոլլարանոցները, որ մի տարի լցրել էին ու լցրել երեք լիտրանոց փակոցի ապակե ամանի մեջ: Կնոջ աչքերի դեմ այս մղձավանջային տեսլականից մթնեցին, և նա կանգ առավ: Իսկ երեխաները վազում էին կճղակավոր տպտպոցի ետևից՝ համոզումով, որ պիտի բռնեն: Անցուդարձող մեկ-երկու մեքենաները սարսափահար արգելակում էին, մի քանի հարևաններ փորձում էին իրարանցմանը տեղեկանալ, նույնիսկ մասնակիցը դառնալ և մոտեցան շիկահեր կնոջը: Այս ընթացքում գառը հասնելով խաչմերուկին, վախեցավ ու շեղվեց ինչ-որ բաց դարպասով ներս: Կինը կանաչիոտ ձեռքերով դանակն էր թափահարում օդում և շնչառությունը տեղը բերելով բացատրում հարևաններին, և ելան երեխաները փողոց՝ պինդ բռնած քուրքավոր ու դժկամ ընկերոջը և քարշ տալով բերեցին վար: Հասան բակ, պստիկ տղան գոհունակ նայեց մորը՝ իբրև լավ արարք գործած, որին ի պատասխան մայրը պայթեց. «վրագլուխդ ի՞նչ ա, հեսա հերդ գա…»  Բայց գանգռահեր տղան մայրական շանթերի դեմ հոր սփոփող շվաքում պատսպարվելու հույս, ամեն դեպքում, զգաց: Մտան բակ, ավագ տղան, զգալով, որ գուցե թե ընկերը պիտի ծեծվի և ինքն անելիք չունի, ետ կանգնեց: «Դե, էգուց առավոտ կգաս, որ…»,- ասաց պստիկ տղան: «Ըհը՜»,- հայացքով լրացրեց ընկերոջ կիսատ, բայց ընկալելի նախադասությունը ավագը: Գառը դաշտային քարտեզի պես խճճող բակի միջանցքներով անցավ հանգիստ, անվրդով, համակերպվածի դանդաղությամբ: Առջևից գառը, տղան հետո սաստող ռնգային բառերով մայրը: Գառը գնաց ուղիղ բակի վերջ՝ փոքրիկ այգու ծայրը, արդեն լայնացած ստվերում փռվեց ու գլուխը տեղավորեց խոտերի մեջ: Տղան եկավ դեմուդեմ նստեց կտրած, բայց դեռ հողում մնացած ծառի քոթուկին ու նայեց իր երկօրյա ընկերոջը: Գառնուկը գլուխը մի պահ բարձրացրեց, կարծես մարդու տեղ դրեց իր երբեմնի հրճվանքոտ ընկերոջը, որի հետ նախօրեին վռկզի էին տալիս նեղլիկ բակում, նայեց սրունքից սանդալին հոսած ու արդեն սևացող արյան չորուկին, ու էլի կախեց գլուխը խոտերի մեջ:

    Առավոտյան մարդկային բզզոցը սկսվել էր, գյուղի գառ պահող բարեկամը ժամանել էր: Վերնաշապկի դոշի գրպանում խարտոցն էր, ձեռքին դանակը: Աջուձախ ամեն ինչից խոսողներ, եռյակներ, քառյակներ, սկսնակ ծխողներ, հապճեպությամբ գնացող-եկող կանայք: Կարմիր շիթը թռավ, վերջին խռխռոցից փլվեց կենդանին: Մի ճաքրտված թաթ պստիկ տղայի ճակատին արյունով խաչ քաշեց: Սկսվեց բոսոր եռուզեռը, իսկ տղան նայում էր խազոտված կճղակներին, սովետական թուջե ջեռուցման համակարգին, իբրև կածան հողին գցված, որ արյունվել էր, նայեց առանձնացված գլխին՝ նախօրեին իրեն նայող նու՜յն հայացքը։ Կողքբոլորը աղ ու արյուն։ Շրջվեց ու փախավ: Օրն, իհարկե, ավանդական ամփոփումը ստացավ, և գանգուրներից ծանրացած գլխով տղան մի պահ միայն զգաց իր կարծրացած ճակատը, որին արյունը սոսնձել էր մի նոսր խոպոպիկ ևս: Սա, չէր կարող խանգարել, որ պստլոն համփ չանի խաշլաման ու հալի իր արևոտ մանկությունը: Իսկ այ հուշերը մարսելուն՝ գուցե և խանգարի, եթե մեծանա ու դառնա գրող, այսպիսի մի բան գրի՝ մանկությունից ուղեկցվող գառ-ընկերոջ իր ճակատագիրն ըմբռնող հայացքից խույս տալու համար կամ, չգիտես թե ոնց այդ տարվա անանձրև ապրիլի վերջին երեք օրերը պատկերելու, վերջապես, հանգստանալու համար…       

Հայկ ՍԻՐՈՒՆՅԱՆ