Ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի 4,7% անկում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, լրագրողների հետ հանիպմանն ասել է Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի փորձագետ, տնտեսական գիտությունների թեկնածու Հրանտ Մարգարյանը։
Տնտեսագետի խոսքով՝ դրան զուգահեռ անկում ունեցել ենք շինարարության ոլորտում, որը պարետի որոշմամբ երկու ամիս շարունակ արգելված գործունեության տեսակ էր։ Անկում է գրանցվել առևտրի շրջանառության ոլորտում՝ 11, 9 %։
«Չնայած, արձանագրված անկմանը, աճ ունենք արդյունաբերության ոլորտում՝ 1, 5 %, որը մեծապես պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտի աճով՝ շուրջ 24, 3 %: Աճ ունենք նաև գյուղատնտեսության ոլորտում՝ 1, 7%, որը պայմանավորված է ջերմոցային տնտեսությունների գործունեության ընդլայնմամբ, ինչպես նաև ձվի և թռչնամսի արտադրության ծավալների աճով»,- ասել է Հրանտ Մարգարյանը։
Կորոնավիրուսի հետևանքով ամենից շատ տուժած ոլորտը՝ տուրիզմը, ունի 59, 6 %-ի կրճատում։ Ըստ փորձագետի՝ կրճատումը պայմանավորված է երկրորդ եռամսյակի ընթացքում ներգնա տուրիզմի բացակայությամբ։
«Չեկած զբոսաշրջիկների, նրանց կողմից չգնված և չօգտագործված ծառայությունների պատճառով Հայաստան չի մտել 315 մլն դոլարի չափով գումար, որը նախորդ տարվա ընթացքում եղել էր»,- ընդգծել է նա։
Անդրադառանալով Կառավարության կողմից կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելուն ուղղված միջոցառումներին՝ Հրանտ Մարգարյանը նշում է, որ դրանց ամենամեծ խնդիրն այն էր, որ դրանք հասցեական չէին։
«Օրինակ, երկրորդ միջոցառումը, որն ամենամեծ թվով հայտերն էր ստացել՝ 46 000-ից ավելի հայտ, դրանցից բավարարվել է ընդամենը 40 %-ը»,- ասել է նա։
Հրանտ Մարգարյանի խոսքով, օրինակ, տուրիզմի և շինարարության ոլորտներին, որոնք շատ են տուժել, կարելի էր հարկային արտոնություն տալ, սակայն Կառավարությունը այդ քայլին չգնաց։
«Լավ օրից չէ, եթե ինչ-որ մարդ չունի բարվոք վարկային պատմություն, այսօր նա դուրս է մնացել օժանդակության ծրագրերից, միգուցե կարելի էր ավելի համատարած բնույթի միջոցառում կատարել տնտեսական հետևանքների չեզոքացման համար, բայց, իհարկե, դա չպետք է վերաբերի խոշոր բիզնեսին, կամ նրանց, որոնք այս ընթացքում չեն տուժել։ Օրինակ՝ հիդրոէլեկտրոկայանները, որոնք ստաբիլ աշխատել են, որևէ օժանդակության կարիք չունեին, լուրեր տարածվեցին, որ եղել են դեպքեր՝ նրանք այս ծրագրերում ներառվել են, մինչդեռ նրանք աջակցության կարիք չունեին»,- ընդգծել է Հրանտ Մարգարյանը։
Աղբյուրը՝ News.am