Ուզում եմ մեր Արցախում ապրենք

15

Azg.am-ը ներկայացնում է Արցախի մեր գործընկերների պատրաստած տեսանյութը։

Շուրջ 22 տարի շարունակ Ստեփանակերտում վարձով բնակվող Թունյանների բազմազավակ ընտանիքը վերջին գդալ ձեթն ու թեյն են օգտագործում, իսկ հետոյի մասին՝ դժվարանում են խոսել, չգիտեն ինչպես կհաղթահարեն ստեղծված ճգնաժամը:

6 երեխաներից ամենափոքրը՝ 11 ամսական Ալեքսն իր բողոքն արտահայտում է լացով. միակ սիրելի միրգը    բանանն էր, որը ծնողները չեն կարողանում գտնել: 2020-ի պատերազմի հետևանքով հայրենի տունը կորցրած տիկին Գայանեի հոգսերն ու մտահոգությունները բազմապատկվել են:

Բազմազավակ ընտանիքը վարձած բնակարանում է տեղավորվել. փոքր ու անհարմար: Տունը գազաֆիկացված չէ, տաք ջուր չունեն, հոսանքի   պարբերաբար անջատումներից առավել շատ նեղվում են փոքրիկները:

Դժվարությունները կրկնապատկվել են շրջափակումից ի վեր: Այսօր տան ամբողջ հոգսը՝ հոր Արթուրի ուսերին է: Նա  հերթափոխով աշխատում է ՛՛Արցախէներգո՛՛ ընկերությունում. ընտանիքը ստանում է նաև երեխաների նպաստ: 

Օրվա խնդիրները փոքր-ինչ թեթևացել են կտրոններ տրամադրելուց հետո:

Բազմազավակ ընտանիքը, փոքրիկ բնակարանը, ինչպես նաև բաղնիքը մի կերպ տաքացնում է վառելափայտով:

Երբ կբացվի կյանքի ճանապարհը, երբ կրկին կտեսնեն լիքը խանութներ, երբ կհաճախեն դպրոց ու այլևս մոմ գնելու մասին չեն մտածի: Սրանք այս բազմազավակ ընտանիքի փոքրիկ անդամներին հուզող հարցերն են, որոնց պատասխանը ավագները չունեն: