,
Բոլորս էլ շատ լավ գիտենք՝ ինչ է տիրում լրատվական դաշտում, թե որքանով են տարածված հեղինակային իրավունքների խախտումները։ Լրատվամիջոցները մեկը մյուսից շատ հաճախ դժգոհում են, որ առանց որևէ պայմանավորվածության կամ հղման՝ իրենց նյութերը հրապարակվում են այլ ԶԼՄ-ներում, «Հեղինակային իրավունքի խախտումները ԶԼՄ-ներում. «Ֆոտոլուրի» վեճերը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
Նա նշեց, որ «Ֆոտոլուրի»՝ ԽԱՊԿ-ին դիմելուց հետո՝ իրենք իրենց հերթին դիմել են «Արա Ղազարյան» փաստաբանական գրասենյակ՝ փորձելու միասին պաշտպանել լրատվական գործակալության խախտված հեղինակային իրավունքները։
«Շատ կարևոր է, որ որոշեցինք հարցերը միանգամից չկարգավորել դատական հայցերի տեսքով, այլ փորձել մենիթորինգի միջոցով նույնականացնել խախտումները և նամակագրության մեջ մտնել խմբագրությունների հետ։
Այդպիսի մոնիթորինգ իրականացվեց, և որոշեցինք գործընկերների հետ հարցերը կարգավորել արտադատական կարգով։ Խախտումներն իդենտիֆիկացնելուց հետո փաստաբանը նամակներ հղեց ԶԼՄ-ներին՝ մատնանշելով խախտումները, և թե ինչի կարող են դրանք բերել»,- ասա Աշոտ Մելիքյանը։
Բանախոսը նկատեց, որ արձագանքները խիստ տարբեր են եղել. ոմանք հեռացրել են «Ֆոտոլուրի» լուսանկարները, ոմանք էլ հայտարարել են, որ որևէ իրավունք չեն խախտել։
«Ամենաարտառոց դեպքեր, երբ խմբագիրներն ուղղակի չեն ուզել զրուցել, ևս գրանցվել են։ Նրանց մասով, ովքեր չեն ուզել գնալ համագործակցության, ամենայն հավանականությամբ մոտ ապագայում կաջակցենք «Ֆոտոլուր»-ին դատական հայցեր ներկայացնել»,- ասաց Մելիքյանը։
«Ֆոտոլուր» գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանն իր հերթին հավելեց, որ նախկինում ևս պայքարել է իրենց լուսանկարների հեղինակային իրավունքների համար։
«Ես մի անգամ էլ եմ դատական հայց ներկայացրել, փաստաբան չեմ ունեցել կամ փաստաբանն այլ բնագավառի փաստաբան է եղել, որը կիսատ-պռատ է զբաղվել գործով։ 2018 թվականին դատի էի տվել «Նոյյան տապան» լրատվական գործակալությանը։ Մեկ տարի տևած դատական գործընթացի վերջում դատարանը ձևակերպեց, թե «Նոյյան տապան»գործակալություն գոյություն չունի, սնանկ է։
Հետագայում էլի պայքարել եմ՝ ինքս, լրատվական գործակալության ղեկավարին զանգելով, ասելով, որ չի կարելի , բայց ժամանակը ցույց տվեց, որ ոչ մի օգուտ դրանից չկա»,- ասաց Մելիք Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ մինչ այժմ իրեն թվացել է, որ փոքր թվով գործակալություններ են ապօրինի օգտագործել «Ֆոտոլուրի» լուսանկարները, սակայն այժմ գիտի, որ խոսքը շուրջ 100 լրատվամիջոցի մասին է։
«Այլևս չեմ հետևում՝ տանո՞ւմ են լրատվամիջոցները մեր նկարները, թե ոչ, որովհետև ով իրեն լրատվամիջոց է զգում, նկարները տանում է։ Գիտե՞ք՝ միայն իմ լուսանկարները չեն տանում, բոլորինն են տանում»,- ասաց Մելիք Բաղդասարյանը։
Հարցին՝ ինչպե՞ս կարող են ԶԼՄ-ներն օրինական կերպով օգտագործել «Ֆոտոլուր»-ի լուսանկարները, գործակալության տնօրենը պարզաբանեց՝ պետք է բաժանորդագրվել իրենց, ինչից հետո լուսանկարները շատ արագ օնլայն տարբերակով ուղարկվում են բաժանորդին։