Լրագրողի հարց տալու իրավունքը սահմանադրական երաշխավորված ազատություն է. որևէ պետական պաշտոնյա ո’չ իրավական, ո’չ էթիկական, ո’չ ինստիտուցիոնալ հիմքով իրավունք չունի սահմանափակել այն։
Սա ոչ միայն անհատ լրագրողի իրավունքների խախտում է, այլ իշխանության կողմից իր լիազորությունների չարաշահում։
Հայաստանի Սահմանադրության 42-րդ հոդվածը հստակ ամրագրում է՝
«Յուրաքանչյուր ոք ունի տեղեկատվություն որոնելու, ստանալու և տարածելու ազատություն»։
Պաշտոնյայի կողմից հարցը «չհավանելու» կամ «անհարմար» համարելու պատճառաբանությամբ հոդվածի գործնական սահմանափակումն արդեն իսկ հակասում է Սահմանադրությանը։ Լրագրողի հավատարմագրումը պատժիչ գործոն չպետք է դառնա։
Հավատարմագրումը տեխնիկական ընթացակարգ է, ոչ թե աշխատանքի բնույթը կամ բովանդակությունը վերահսկելու մեխանիզմ։
Եթե պաշտոնյան սպառնում է լրագրողին հավատարմագրումից զրկել՝ հարցի բովանդակության կամ տոնայնության պատճառով, ապա դա ոչ թե կարգավորող, այլ պատժիչ և ճնշում գործադրող քայլ է։
Այսպիսի սպառնալիքը իր էությամբ նշանակում է․ «քանի դեռ տալիս ես հաճելի հարցեր՝ մուտք ունես, այլապես՝ կզրկենք»։
Սա բացահայտ խոչընդոտում է ազատ և անկախ լրագրության աշխատանքը։
Պետական պաշտոնյան չի կարող լինել այն մարմինը, որը որոշում է, թե ինչպիսի հարց իրեն կարող են տալ։
Լրագրողի պարտականությունն է տալ այն հարցը, որը՝
հանրային հետաքրքրություն ունի, վերաբերում է պետության գործունեությանը, պահանջում է պարզաբանում, պատասխան է պարտադրում։
Պաշտոնյաների պարտականությունն է պատասխանել, այլ ոչ թե դասել, ո՞ր «հարցն էր տեղին, որը` ոչ»։
Իրականում հենց այն հարցերն են, որոնք պաշտոնյաները չեն սիրում, ամենից հաճախ հասարակության համար ամենակարևորները։
Ցանկացած երկիր, որտեղ իշխանությունները սկսում են ընտրել, թե ինչին պատասխանեն, իսկ ինչին՝ ոչ, շատ արագ տեղափոխվում է հետևյալ վտանգավոր փուլերի․
#Լռեցում` անհարմար հարց տվողին դուրս են հրավիրում, զրկում հավատարմագրումից։
#Գրաքննություն` մյուս լրագրողները սկսում են զգուշանալ։
#Վախի#մթնոլորտ` մամուլը դադարում է իրական հարցեր տալ։
#Անպատժելիություն` իշխանության վերահսկողությունը նվազում է։
#Ավտորիտար միտումներ` մամուլի ազատության անկում, փակ տեղեկատվական դաշտ։
Այդ շղթան հայտնի է ամբողջ աշխարհում, և բոլոր դեպքերում առաջին քայլը հենց սա է եղել՝
«Հարց տվողին դուրս կմղենք համակարգից»։
Պետպաշտոնյաների պահվածքը պետք է լինի առավել հանդուրժող, ոչ թե հակառակը։
Պաշտոնյան, հատկապես վարչապետի մակարդակում, պարտավոր է ընդունել՝
քննադատություն, սուր հարցադրումներ, ոչ հաճելի թեմաներ։
Սա պաշտոնական պարտականության մի մասն է։
Պաշտոնյան չի կարող ընտրել միայն գովասանք լսելու կամ վերահսկվող հարցերի դաշտում գործելու հարմարավետությունը։
Ի վերջո, պետք է հասկանալ, որ լրագրողի աշխատանքին խոչընդոտելը պաշտոնյաների լիազորությունների գերազանցում է։
Հավատարմագրումով սպառնալը՝ մամուլի ազատության վրա ճնշում է։
Հարցի բովանդակության համար լրագրողի հետ հաշվեհարդար ակնարկելը՝ հակաժողովրդավարական վարքագիծ է։
Պետական պաշտոնյան ո’չ իրավասու է, ո’չ լիազորված, և ո’չ իրավական իրավունք ունի սահմանափակելու լրագրողի հարց տալու իրավունքը՝ հատկապես եթե այդ հարցը վերաբերում է հանրային շահին։
Աստղիկ Ավետիսյան, լրագրող, Հայկական հանրային կապերի (PR) ասոցիացիայի նախագահ







