Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին ստացված ահազանգի տվյալներով` ապրիլի 25-ին բերման են ենթարկվել Երևան քաղաքի տարբեր հատվածներում և Տավուշի մարզում բողոքի ակցիա իրականացնող մի խումբ անձինք:
ՄԻՊ-ը հայտնում է, որ Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
Ոստիկանության տվյալներով, այսօր ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել 29 քաղաքացի, որից 17–ը՝ Երևանում։
Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր:
Այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածը, Երևան-Գյումրի մայրուղին՝ Ալագյազի հատվածում, Երևան-Վարդենիս ճանապարհը՝ Մարտունու հատվածում:
Փողոցներ են փակվել նաեւ Երեւանում. մասնավորապես, այս պահի դրությամբ փակված է Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը՝ Ներքին գործերի նախարարության դիմաց: