Մարզերում հանդուրժողականություն են քարոզում. «Հրապարակ»

10

«Հրապարակ» թերթը գրում է.

«Օրերս տեղի է ունեցել «Հայաստանի համայնքների միության ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում եւ Հայաստանում թափանցիկ եւ մասնակցային տեղական ինքնակառավարման խթանում» թեմայով համաժողով: Քննարկմանը մասնակցել են արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը, կառավարության այլ անդամներ, խոշորացված համայնքների, վարչական շրջանների ղեկավարներ, համայնքների աշխատակազմերի քարտուղարներ:

Ներկա է եղել նաեւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի աշխատակազմի ղեկավարը: Մեր զրուցակիցը, ով համաժողովի հրավիրյալներից էր, տեղեկացրեց, որ ելույթներից եկել են այն եզրահանգման, որ համաժողովը միտված էր սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցողների հանդեպ հանդուրժողականություն քարոզելուն, քանի որ «ԵՄ-ն բավականին խոշոր գումարներ է փոխանցում Հայաստանին՝ այդ մարդկանց իրավունքները պաշտպանելու համար»։

Ըստ մեր աղբյուրի՝ քանի որ գյուղերում հատուկ վերաբերմունք կա տրանսգենդերների եւ հոմոսեքսուալների նկատմամբ, այդ պատճառով ՏԻՄ-երի համար էին այդ հավաքը կազմակերպել։

Ի դեպ, համաժողովի մասին պաշտոնական լրահոսում որեւէ տեղեկատվություն չի եղել, եւ որեւէ լրատվամիջոց չի լուսաբանել այն»: