Կիրակի, 26 Հուլիս, 2026

Կիևի ահաբեկչական ռեժիմը նորից հարձակում է գործել Ղրիմի կամրջի վրա. Կոնստանտինով

Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարի պատճառը ուկրաինական իշխանությունների կողմից իրականացված ահաբեկչական հարձակումն է. հայտարարել է Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը Telegram-ի իր ալիքում։

«Այս գիշեր Կիևի ահաբեկչական ռեժիմը նոր հանցագործություն կատարեց՝ հարձակվեց Ղրիմի կամրջի վրա։ Կիևը չէր կարող չիմանալ, որ  ավտոմոբիլային հատվածը բացառապես քաղաքացիական օբյեկտ է», – ասվում է հրատարակության մեջ։

«Ռիա նովոստին» հայտնում է, որ Կոնստանտինովը պարզաբանել է՝ երկաթուղին չի վնասվել, Ղրիմը Ռուսաստանի հետ կապված է հյուսիսում միջանցքով, կա նաև լաստանավային ծառայության հնարավորություն, ուստի տարածաշրջանը մեկուսացված չէ։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը մեկնաբանել է Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպը՝ վկայակոչելով գերատեսչության ղեկավար Կիրիլ Բուդանովի խոսքերը, թե «այդ կառույցն ավելորդ է»։

Երկուշաբթի առավոտյան Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը արտակարգ իրավիճակ է հայտարարել։ Կամրջի վրա երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։

Միջադեպի հետեւանքով մահացել է ամուսնական զույգ։ Նրանք  Բելգորոդի շրջանի բնակիչներ են։ Նրանց անչափահաս դուստրը վիրավորում է ստացել և  հոսպիտալացվել։ Հիմա պառկած է Թեմրյուկի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։

Ակսյոնովը հորդորել է զերծ մնալ Ղրիմի կամրջով երթևեկելուց, ընտրել այլընտրանքային ճանապարհ։