Azgonline.am-ը շարունակում է տպագրել պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանի հոդվածաշարը նվիրված ՌԱԿ հիմնադրման 100-ամյակին, –
Հոդվածաշարի նախորդ մասը, –
ՆՅՈՒԹ 11
ՍԵՊՈՒՀ
Արմենական-ՌԱԿ գործիչների շարքում, չնայած կարճատև կյանքին և համեստ չափի գործունեությանը, առանձնանում է Սեպուհը՝ արմենական առաջին ու վերջին պրոֆեսիոնալ կուսակցական գործիչը, տեսաբանն ու ղեկավարը: Վաղ տարիքից ականատեսը լինելով թուրքերի բազմաթիվ դաժանությունների, Սեպուհը վրեժով լցվեց նրանց նկատմամբ և իր ողջ կյանքը նվիրաբերեց սեփական ժողովրդի ազատագրության սրբազան պայքարին:
Երվանդ Քեոսյանը (հեղափոխական կեղծանունը՝ Սեպուհ) ծնվել է 1882թ. Արաբկիրում: թուրքական դահիճների մեծաքանակ ոճրագործությունների ականատես պատանին փոքր տարիքում ի թիվս բազմաթիվ անմեղ արաբկիրցիների, 90-ական թվականներին տեսավ նաև հարազատ հոր սպանությունը: 13-տարին նոր բոլորած, «հոր սպանության վիշտը սրտում եւ վրեժի երդումը աչքերում» պատանուն բարեկամները տեղափոխում են Խարբերդ, իսկ մեկ տարի անց` 1893-ին Սեպուհն ընդունվում է էջմիածնի Գեւորգյան ճեմարան: Հաջողությամբ ավարտելով այն, 1901թ. մեկնում է Վան: Շրջում է Վասպուրականի գավառները, լինում է Մոկսում, Գավաշում, Արճեշում եւ այլ տեղերում, իսկ հետո գնում է Պարսկաստան եւ երեք տարի Ուրմիայում զբաղվում ուսուցչությամբ:
Ազատատենչ երիտասարդը ծանոթանալով արմենականների ծրագրին ու կանոնագրին, դառնում է համոզված արմենական: Կապեր է հաստատում Սալմաստի արմենական գործիչների հետ և սկսում մասնակցել նրանց կազմակերպած ազգանպաստ գործերին: Տեսնելով Սեպուհի նվիրվածությունը և գնահատելով նրա առաքինությունները, Սալմաստի արմենական վարիչ մարմինը, անսալով արմենական նշանավոր գործիչներ Գր. Պեոզիկյանի եւ Ա. Եկարյանի հորդորներին, Սեպուհին որպես գործիչ ուղարկում է Վան: Հաղթահարելով բազմաթիվ դժվարութ-յուններ՝ Սեպուհը 1906թ. ծպտված մտնում Է Վան և այնտեղ բեղուն գործունեություն ծավալում: Շուտով ստանձնելով Վանի Արմենական մասնաճյուղի ղեկավարությունը եւ հավաքելով ու միավորելով արմենականների ցաք ու ցրիվ ուժերը՝ «արագորեն կը բազմացնե թիվը արմենական խմբերուն, մղում կու տայ ինքնապաշտպանության գաղափարին»: Դեպուհը հիմնում Է Արմենական Երիտասարդայց միությունը ու նրա խոսափող «Կայծ» խմորատիպ թերթը: Նա նաև գլխավորում Է իր զինակիցների պայքարը այլ քաղաքական ուժերի դեմ: Հատկապես իր խելացի և հանդարտ ընթացքով Սեպուհը փորձում է մեղմել ազդեցության համար մղվող անզիջում պայքարի հետևանքով առաջացած Դաշնակցություն եւ Արմենական կուսակցությունների միջեւ լարվածությունը:
Սեպուհն իր եռանդուն եւ ժողովրդանպաստ գործունեության շնորհիվ շուտով վայելում է շատերի սերն ու հարգանքը: Այս հանգամանքը զգալի դեր է խաղում արմենականների համախմբման ու հզորացման գործում եւ նպաստում երկարատեւ ընդմիջումից հետո Վան-Վասպուրականում Արմենական կուսակցության նկատելի աշխուժացմանը: Սակայն նրա եղերական նահատակությունը ծանր եւ անդառնալի կորուստ եղավ կուսակցության համար: Դա տեղի ունեցավ 1908թ. հունվարի 23-ին, երբ Վանում թուրքական զինվորների կողմից Դավոյի հայտնի դավանության հետեւանքով խուզարկություններ էին ձեռնարկել քաղաքում: Դավոն կառավարությանը մատնել էր հայերի զենքի շատ թաքստոցներ: Խուզարկող թուրք զինվորները մտնում են նաև այն փողոցը, ուր գտնվում էր Սեպուհը: Չուզելով իրեն ապաստան տված հայ ընտանիքի դժբախտության պատճառ դառնալ, նա փորձում է հեռանալ, սակայն պատսպարված տնից դուրս գալու պահին խոցվում է «պահակ կեցած թուրք զինվորներու կրակի տարափից»: Տակավին երիտասարդ, ընդամենը 28 տարեկան գործիչը վախճանվում է:
Վանը ցնցված էր, եւ ինչպես վկայում է ականատեսը, Սեպուհի սպանության պատճառով «Ամբողջ Վասպուրականը սրտագին լաց ու կոծի մեջ էր» («Ազգ»,1908, մաիսի 2): Երվանդ Քեոսյանին ճանաչողները նրա մասին թողել են բազմաթիվ ջերմ տողեր: Արմենակ Եկարյանը, օրինակ, գրում է, որ Սեպուհը «թեև երիտասարդ, բայց ուշիմ եւ հեղափոխական անձնավորություն էր»: Նա իրավամբ նկատեց, որ դաշնակցության կողմից «արմատացած չարիքի մը դեմ կանոնավոր կազմակերպությամբ մը միայն հնարավոր պիտի ըլլար մաքառիլ: Ահա թե ինչ բանի կձգտեր արմենական ղեկավար Սեպուհը»(Հուշեր Արմ. Եկարեանի, էջ 144): ՍԵպուհի մահով, արմենական «անձնվերներու շարքը գրեթե կը փակվի», որովհետեւ քիչ անց Վերակազմյալ հնչակյանների եւ Արմենականների միաձուլումով կազմվում է նոր՝ Հայ Սահմանադրական ռամկավար կուսակցությունը: Հայ ազատագրական պայքարի վաղամեռիկ նվիրյալի պայծառ կերպարը ուսանելի շատ կողմեր ունի և նրանով սերունդներ են դաստիարակվելու: