Այս ողջ գործընթացն ապօրինի գործընթաց է, այս գործընթացի հիմնական մասը բարոյական մասն է, որը սկսվել է ստով և հասել է այստեղ ստով, իսկ մենք այդ գործընթացը կասեցնելու ենք, ճշմարտությամբ ենք կասեցնելու։
Այս մասին Կիրանցից հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։
Նա շնորհակալություն հայտնեց Կիրանցի, Ոսկեպարի, Բաղանիսի և ընդհանրապես բոլոր տավուշցիների անունից բոլոր նրանց, ովքեր այս գաղափարի և արժեքի կրողներն են և որոնց համար անհանդուրժելի է ստեղծված իրավիճկը։
«Մենք հայրենիք չունենք որևէ մեկին հանձնելու և հետևաբար մեր ամբողջ պայքարի բովանդակությունը լինելու է այդ պաշտպանությունը և ճշմարտության վերջնական հաղթանակը»,- ասաց Սրբազանը։
Նա շեշտեց, որ իրենց փորձել են պիտակավորել, բայց ժողովուրդը հասկացել է ճշմարտությունը։
«Մեզ բնորոշեցին որպես գործակալներ, ասացին, թե այս պայքարը ծառայում է այլ պետությունների շահերին, որոնք ցանկանում են մեր միջոցով բախումներ հրահրել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ եք դուք, զոհերի պատճառ եղածն էլ եք դուք։ Ի վերջո հասկացեք, որ դուք եք իշխանություն։
Մենք չենք կարող ձեզ անըդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք՝ բնույթով չեք, ապրումներով չեք, ձեր վերաբերմունքով չեք, որևէ ձևով չեք և դուք պետք է հասկանաք դա։ Եթե չեք հասկացել, որ դուք իշխանություն եք, ուրեմն հասկացեք, որ դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը ազատությունը և ինքնիշխանությունը»,- հայտարարեց նա։
Բագրատ Սրբազանը նաև տեղեկացրեց, որ ավելի ուշ հայտարարությամբ հանդես կգան և կներկայացնեն իրենց առաջիկա ողջ գաղափարաբանությունը, մտածումները և ուղղությունները։
Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է փակ է Կիրանց-Ոսկեպար ճանապարհը։
Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են» Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։
Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։ Կոորդինատների հստակեցումը պիտի ձևակերպվի արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024թ. մայիսի 15-ը, ինչից հետո այդ հատվածներում սահմանագիծը կհամարվի սահմանազատված։
Գործընթացն առայժմ չի վերաբերվում Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածին, որը դեռ մնում է հայկական վերահսկողության տակ:
Աղբյուր՜ tert.am