Այդ մասին փետրվարի 22-ի համարում տեղեկացնում է «Star» թերթը, որի համապատասխան հոդվածը նույն օր արտապել է Կ. Պոլսո հայոց պատրիարքարանի խոսափող «Հայ Թերթ» կայքէջը:
Ժողովածուն հրատարակության է պատրաստել ԱՄՆ-ում գործող «Թուրք-ամերիկյան անվտանգության հիմնադրամ»-ը (TASFO): Սա քաղաքացիական հասարակության թուրքական կազմակերպություն է: Քանի որ գրքի թեման «հայերի 1915-ին առնչվող պնդումներն» են և հայտնի են այդ պնդումներին թուրք ժխտողականների շատ գիտական մոտեցումները, ուստի միանգամայն ավելորդ ենք համարում դրա շուրջը բանավեճ ծավալելը ժխտողականների հետ: Մանավանդ որ գիտենք սրանց՝ Հայոց ցեղասպանության հարցը վիճարկման ոլորտ ներքաշելու նկրտումները: Պարզապես ասենք, որ ԱՄՆ-ում գործում է թուրքական 100 այդպիսի կազմակերպություն, որոնց «աշխատանքները» ուղղորդում և համակարգում է «Turkish Forum»-ը, որին էլ իր հերթին ուղղորդում Թուրքիայի արտգործնախարարությունը՝ համագործակցությամբ թուրքական գաղտնի ծառայությունների հետ: Ահա թե ինչ է գրել թուրքական «Star» թերթը.
«Հիմնադրամի նախագահ Ֆաթիհ Օզոնուրը «Անադոլու» գործակալության հարցերին պատասխանելիս ասել է. «Կորոնավիրուսի պատճառով ատիպված դադարեցրինք այսպես կոչված հայերի ցեղասպանության ստերի դեմ պայքարը: Սակայն, ամբողջացնելով հարցազրույցները, կարողացանք ավարտին հասցնել «Այսպես կոչված Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը » գիրքը, ինչը մեզ անչափ երջանկացնում է»:
Օզոնուրը միաժամանակ ասաց, որ այս ժողովածն սկսել են կազմել նախքան քովիդի համաճարակի տարածումը և որոշել էին1 տարում ավարտին հասցնել: Նրա խոսքերով՝ վերոնշյալ գրքում ընդգրկված են ամերկացի 12 պատմաբանի և մասնագետ գիտաշխատողի՝ հիմնադրամին տված ծավալուն հարցազրույցները:
Կենտրոնի՝ Նյու Յորքում գտնվող հիմնադրամի տպագրության պատրաստած այս գրքի միակ նպատակը «հայերի՝ պատմական որևէ հիմք չունեցող այսպես կոչված ցեղասպանության վերաբերյալ պնդումները կեղծ փաստաթղթերի և մտացածին տեսանյութերի միջոցով Վաշինգտոնում ճանաչելի դարձնելու համար պայքարող հայկական լոբբիին արժանի հակահարված տալն է»:
Ժողովածուն ընդգրկում է այնպիսի մասնագետ պատմաբանների հարցազրույցները, որոնց անուններն են՝ Prof. Justin McCarthy, Prof. Michael Gunter, Prof. Sean McMeekin, Prof. Jeremy Salt, Prof.Օմար Լյութֆի Թաշչըօղլու, Dr. Robert B. McKay, Dr. Patrick Walsh, Dr. Maxime Gauin, Dr. Christian J Henrich, Dr. Մեհմեդ Փերինչեք և ԱՄՆ նախկին նախագահ Ronald Reagan-ի իրավական հարցերով խորհրդական Bruce Fein:
Գիրքն անգլերեն է, «Թուրք-ամերիկյան անվտանգության հիմնադրամ»-ը պատրասվում է ամենակարճ ժամանակահատվածում հրատարակել դրա թուրքերեն, ադրբեջաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, հունարեն և հայերեն տարբերակները:
Հակոբ Չաքրյան