Հայաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչ վաճառելու ու ինչ գնելու հարցով են հետաքրքրված»,- պարզաբանեց նա՝ միաժամանակ խոստանալով նորություններ լինելու դեպքում հանրությանն իրազեկել։
«Գիտեմ, որ նախնական ապրանքախմբերի ցանկեր են փոխանցվել իրար, քննարկում կա, դեռ ուսումնասիրում են»,- հավելեց նա։
Անդրադառնալով սահմանազատման գործընթացին՝ Փաշինյանը հիշեցրեց, որ հանդիպում է տեղի ունեցել, և հիմա որոշակի աշխատանքներ են տեղի ունենում. պատեհ առիթով գործընթացը կշարունակվի։
Նրա խոսքով՝ հատկապես կապուղիների և TRIPP ծրագրի մասով առնվազն պետք է սահմանի հատվածները սահմանագծվեն, որպեսզի կոմունիկացիաները սկսեն աշխատել։
«Ես գիտեմ, որ ակտիվ աշխատանք է կատարվում։ Նրբություններ ունեցող աշխատանք է. հիմա այդ նրբություններն ուսումնասիրող փաստաթղթերի վրա աշխատանք է տեղի ունենում»։








