Եվրասիական փորձագիտական ակումբի անունից կուզենայի ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ մի քանի ընթացիկ եզրակացությունների վրա` առաջին. Հայաստանի տնտեսությունը արձանագրել է էական առաջընթաց անցյալ վեց ամիսների ընթացքում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ տնտեսությունն այդ հաշվետու ժամանակաշրջանում աճել է ավելի քան 9,6%-ով: «Էական առաջընթաց են արձանագրել շինարարությունը, առևտրաշրջանառությունը, ծառայությունները, գյուղատնտեսության որոշ ոլորտներ: Հայաստանը իրական ՀՆԱ-ի աճի տեմպերով առաջին տեղն է զբաղեցրել ԵԱՏՄ-ում: Մեր երկիրը այդ շարքում առաջին տեղում է նաև իրական արդյունաբերական արտադրանքի աճի տեմպերով: Մեր երկիրը ունի ամենացածր վերաֆինանսավորման տոկոսադրույքը ԵԱՏՄ երկրների շարքում օգոստոսի 1-ի դրությամբ: Հայաստանում է գրանցվել նաև ԵԱՏՄ ամենացածր գնաճը»,- նկատեց փորձագետը:
Ըստ նրա՝ Հայաստանի արտաքին առևտրի ծավալները շարունակում են աճել: «Շարունակվում են անցյալ տարվա դրական միտումները: Արտահանման ծավալներն աճել են 2,3 անգամ: Արտահանման կառուցվածքում 71% զբաղեցրել են ոսկին և թանկարժեք քարերը: Կարևոր է ընդգծել, որ նման տպավորիչ ցուցանիշների Հայաստանը հասել է Ռուսաստանից ոսկու վերաարտահանման պայմաններում: Հետաքրքիր է, որ 2024թ. առաջին եռամսյակում ռուսական ոսկու ամբողջ արտահանման մոտ 88%-ն անցել է Հայաստանի միջով: Վերաարտահանումը դարձել է հիմնական գործոն, որը ազդել է Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա: Ոսկին դարձել է վերաարտահանման հիմնական ապրանքը»,- նշեց Սաֆարյանը:
Ըստ փորձագետի՝ Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացումը տեղի է ունենում աշխարհաքաղաքական նշանակալից գործընթացների և տարածաշրջանային զարգացումների պայմաններում: «Փոխակերպումների է ենթարկվում Հայաստանի արտաքին տնտեսական գործունեության ոլորտը: Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը: Հայաստանի տնտեսական հաջողությունների գլխավոր պատճառը ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամությունն է, հայ-ռուսական առևտրատնտեսական փոխշահավետ հարաբերությունների զարգացումը: Այստեղ կարևոր է նշել, որ մեր երկրի հիմնական տնտեսական գործընկերներն են դարձել (կիսամյա կտրվածքով) Ռուսաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Մեծ Չինաստաանը և Եվրոպական Միությունը: Այս հաջորդականությունը ստիպում է մտածել մեր արտաքին տնտեսական կապերի հետագա դիվերսիֆիկացիայի մասին, որի հռչակված նպատակը պետք է լինի տնտեսության կայուն աճի ապահովումը և աշխարհաքաղաքական ցնցումներից և այլ բացասական միտումներից ազատ տնտեսական զարգացման ապահովումը Հայաստանի բնակչության սոցիալ տնտեսական կարիքները համարժեքորեն հոգալու նպատակով»,- ընդգծեց Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ ոսկու և ոսկերչական իրերի վերարտահանման պայմաններում արտաքին տնտեսական գործունեության որոշ ոլորտներում գրանվել է անկում: «Դեռևս շուտ է ահազանգել ետընթացի մասին, որովհետև տուրբուլենտ գլոբալ և տարածաշրջանային գործընթացների պայմաններոմ հնարավոր են որոշ տատանումներ: Սակայն հարկ է մոբիլիզացնել Հայաստանի ռեսուրսները աջակցելու համար այն ոլորտներին, որոնք կարող են ապահովել տնտեսության կայուն աճ»,- ընդգծեց փորձագետը:
Ըստ նրա՝ փոփոխություններ կան նաև տնտեսական ոլորտների զարգացման առումով: «Տասը տարի առաջ Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի էր մեկնում 220 հազար մարդ: 2023-ին այդ թիվը եղել է 40 հազարից պակաս: 2024-ի ընթացքում այդ թիվը էլ ավելի է նվազել: Սրա պատճառը հայտնի քաղաքական հանգամանքներն են, ինչպես նաև Հայաստանում շինարարության և, մասամբ, ծառայությունների ոլորտների էական զարգացումը»,- նկատեց Սաֆարյանը:
Նա նաև ընդգծեցվ, որ անցյալ տարվա ավելի բարձր ցուցանիշներից հետո մի փոքր նվազել են Հայաստան մտնող տրանսֆերտները: Վեց ամսվա կտրվածքով դրանք կազմել են 2,5 մլրդ. դոլար: «Այս գումարի ստացողներն են Հայաստանում ապրող ռուսաստանցի ռելոկանտները և մեր քաղաքացիները: Հետաքրքիր է, որ էական թիվ է կազմում նաև կապիտալի արտահոսքը Հայաստանից, հաշվետու ժամանակաշրջանում կազմելով 1,9 մլրդ. Դոլար»,- նկատեց փորձագետը:
Ընդհանրապես, ըստ նրա, Հայաստանի տնտեսության վրա ազդում են ինչպես Ռուսաստանի քաղաքական և տնտեսական գործընթացները, այնպես էլ Հայաստանում հաստատված ռուսաստանցի ռելոկանտները: «Նրանց տնտեսական գործունեությունը էական ազդեցություն է թողել մի շարք ճյուղերի արձանագրված վիճակի վրա: Տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտների ցուցանիշների որոշ անկում ուղղակիորեն հետևանք է ռուսաստանցի ռելոկանտների Հայաստանից հեռանալու»,- նշում է Սաֆարյանը:
Նա նաև նկատում է, որ որոշ անկում է ապրել զբոսաշրջության ոլորտը: «Սակայն անցյալ և այս տարվա ընթացիկ ցուցանիշները ցույց են տալիս, որ կան 2 մլն. զբոսաշրջիկի սպասարկման սահմանային հնարավորություններ մեր երկրում: Պետությունը փորձում է կարգավորել ոլորտը, խստացնելով հաշվետվողականությունը և հստակեցնելով վիճակագրությունը: Պարզորեն երևում է, որ զբոսաշրջության էական զարգացման համար անհրաժեշտ են նոր մեծ ներդրումներ, որոնք ոլորտի գրավչության ֆոնին միանգամայն հնարավոր են: Հայաստան մտնող արտասահմանյան զբոսաշրջիկների երկրների առաջատար եռյակը բաղկացած է Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից: Հետաքրքիր է, որ չնայած Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների թիվը կիսամյակի ընթացքում որոշ չափով նվազել է, սակայն այն միևնույն է 100 հազար մարդով ավելի է, քան Ադրբեջան գնացած ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը: Կիսամյակի տվյալներով Հայաստանը եզրափակել է այն երկրների տասնյակը, ուր նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել ռուսաստանցիները»,- պարզաբանեց փորձագետը:
Ըստ նրա՝ Հայաստանը իր տնտեսական գործընկերների շարքում ունի հարգանք և վստահություն: «Սրանք շատ թանկ կատեգորիաներ են, որոնց հասնելու համար տարիների, նույնիսկ տասնամյակների աշխատանք է պետք: Հարկ է, որ Հայաստանի իշխանությունները ջանքեր գործադրեն տնտեսական գործընկերների շրջանում Հայաստանի վարկը շարունակաբար բարձրացնելու ուղղությամբ: Պահպանելով ու զարգացնելով տնտեսական գործունեության ոլորտում ավանդական գործընկերների հետ կապերը, լրջագույն խնդիր է զարգացնել նոր կապեր և նոր ուղղություններ ժամանակավոր գործոններից ու պատահականություններից մեր տնտեսական օրգանիզմը առավելագույնս ապահովագրելու համար»,- նկատում է Սաֆարյանը:
Նա նաև ընդգծում է, որ ԵԱՏՄ-ն տալիս է կայուն զարգացման լավ օրինակ, իսկ Հայաստանի համար ԵԱՏՄ-ին անդամությունը շահավետ է և օգտակար: «Այս իրողությունը Հայաստանի քաղաքական և հասարակական ուժերի շրջանում, կարծես, այլևս կասկածի տակ չի դրվում և անհարկի չի շահարկվում»,- եզրափակեց փորձագետը:
Աղբյուր՝ infoport.am