Թուրքիան դիտարկում է Զանգեզուրի միջանցքը և այս համատեքստում՝ Հայաստանի հետ սահմանների բացումը։ Հայաստանի կարևորությունը Թուրքիայի համար սերտորեն կապված է «Զանգեզուրի միջանցք» ծրագրում ունեցած նրա դերի հետ. գրում են թուրքական լրատվամիջոցները։
Թուրքերը կարծում են, որ ԵՄ-ի կողմից որևէ ճնշում որևէ ազդեցություն չի ունենա այս ամենի վրա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջան կատարած այցից հետո հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին և ասել.
«Չնայած սկզբում Հայաստանը դեմ էր Զանգեզուրի միջանցքին, բայց այժմ Երևանը ցուցադրում է ավելի ճկուն մոտեցում տնտեսական ինտեգրմանը։ Այս տարածաշրջանի զարգացումը հնարավորություն է ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի, Թուրքիայի, Իրանի և այլ երկրների համար։ Զանգեզուրի միջանցքը նոր հնարավորություններ կբացի ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։
Մենք այս երթուղին դիտարկում ենք ոչ միայն որպես աշխարհաքաղաքական, այլև որպես աշխարհատնտեսական հեղափոխության մի մաս։ Զանգեզուրի միջանցքի բացումը ռազմավարական քայլ կլինի նաև Միջին միջանցքի համար։
Միջանցքի բացումից հետո թուրքական ապրանքները կհատեն Կասպից ծովը և ավելի արագ կհասնեն Կենտրոնական Ասիա և Չինաստան, իսկ Եվրոպայից Չինաստան ուղևորվող բեռները կսկսեն անցնել Թուրքիայի միջով։
Միջին միջանցքը ներառում է բազմաթիվ երկրներ՝ հարավից մինչև Թուրքիա և Ադրբեջան։ Բացի այդ, այն ինտեգրվում է Չինաստանից եկող երթուղու հետ։ Ահա թե ինչու է այն այդքան կարևոր։ Մենք այս գործընթացի շրջանակներում լավագույնս ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ քայլերը։ Այստեղ գլխավոր օղակը Զանգեզուրի երթուղին է։
Այն ներառում է նաև երկաթուղային համակարգը։ Այդ պատճառով Զանգեզուրի երթուղու կարևորությունը բեռնափոխադրումների հետ կապված անընդհատ աճում է և կշարունակի աճել։ Միջին միջանցքն իր ողջ ուժը ստանում է այստեղից։ Միջին միջանցքի ինտեգրումը Զանգեզուրի երթուղու հետ և դրա շահագործումը ինչպես բեռնափոխադրումների, այնպես էլ ուղևորափոխադրումների հարցում միավորվելուց հետո մեծ նշանակություն կունենա»։
Էրդողանը նաև ընդգծել է այս համատեքստում Կարս-Նախիջևան երկաթուղու կարևորությունը, որը ներկայումս կառուցման փուլում է.
«Այս գծի գործարկմամբ, կարծում եմ, մենք կարևոր քայլ կանենք բեռնափոխադրումների զարգացման գործում։ Բացի այդ, Զանգեզուրի միջանցքի բացումից հետո ավելի արդյունավետ կգործեն թուրքական Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթուղին և Ղարաբաղում շինարարական ներդրումները»։




