Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։
-Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի երկրներից էր, որը արցախահայերի իրավունքների հարցը մուտք արեց խորհրդարանի երկու պալատներ։ Ուզում եմ հարցնել Հայաստան-Շվեյցարիա բարեկամական ընկերակցության գործունեության մասին. այժմ ի՞նչ վիճակում է ընկերակցությունը, ի՞նչ գործունեության շրջանակների մասին ենք խոսում։
-Այդ ընկերակցությունը հստակ տեսլական ունի, և ես դժվարանում եմ ասել, որ ընդհանրապես մեկ ընկերակցություն կարող է մի ավելի հստակ տեսլական ունենալ, քան մի կառավարություն։ Կա Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի էություն, որն իր խղճին ունի 22 տարվա իրականություն։
Ինչ վերաբերում է արցախահայության վերադարձի հնարավորությունն ապահովելու վերաբերյալ բանաձևի ընդունման գործընթացին, այն վերջնականապես ընդունվել է 2025 թվականի մարտի 18-ին (հիշեցնենք՝ 2025 թվականի մարտի 18-ին Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատը (Կանտոնների խորհուրդ) ընդունել է «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորություն» №24.4259 նախագիծը: Այն նպատակ ունի պաշտպանել ԼՂ հայերի իրավունքներն ու ապահովել նրանց անվտանգ վերադարձը՝ խմբ.)։ Սա, իհարկե, իրավական հարթակ է ստեղծում այն անձանց համար, ովքեր հավատում են Արցախ վերադարձին, հավատում են՝ ի նպաստ արցախահայերի։
Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը, հիմնվելով այն բանի վրա, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի կառավարությունները չեն ուզում այդ ուղղությամբ երկխոսել, երկու բան է հասկացնել տալիս. մեկը, թե որքան թույլ է միջազգային իրավունքը, եթե պետք է հետևի երկու երկրների դիրքորոշմանը։ Եվ երկրորդ, թե որքան թույլ է Հայաստանի՝ այս խնդրի հետ կապված կառավարության դիրքորոշումը։ Որովհետև չհասկանալ արցախահայերի իրավունքները, Արցախում հայաթափման իրականությունը, ինչպես որ ոչ վաղ անցյալում նույնը տեղի էր ունեցել Նախիջևանում և Արևմտյան Հայաստանում, նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը։ Այս ամենն ի ցույց է դնում, թե որքան խնդրահարույց վիճակի մեջ ենք։ Իսկ շատ կարևոր ընտրություններին ընդամենը 3 շաբաթ է մնացել։
Մտնել այն խաղի մեջ, որ ով զբաղվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներով, իբր պատերազմ է հրահրում, իսկ ով չի զբաղվում՝ խաղաղություն է բերում, պատմական սուտ է։
Արդյոք, օրինակի համար, Ռուսաստանն ու Ճապոնիան իրար հետ դիվանագիտական հարաբերություններ չունեի՞ն, երբ վիճարկվում էր Կուրիլյան կղզիների հարցը և միջազգային իրավունքի կողմից չլուծված խնդիրը։
–Պարո՛ն Շահինյան, ստեղծված իրավիճակում ո՞րն է մեր անելքը։
-Մենք շատ անելիք ունենք և շարունակ հետ քաշվելով չէ, որ պետք է լուծենք մեր իսկական խնդիրները։ Մենք մեր խնդիրները պետք է լուծենք միջազգային դիվանագիտությունը, միջազգային իրավունքը գործածելու, մեր հնարավորություններին ունիվերսալիզացման հնարավորություն տալու միջոցով, ոչ թե հետ քաշվելով և կարծելով, որ այդպես խնդիրը լուծվելու է։
Մենք չպետք է մոռանանք, որ մինչ այսօր 240 կմ/ք ՀՀ սուվերեն տարածք Ադրբեջանի տիրապետության տակ է, և մայիսի 4-ին Երևան եկած եվրոպական 48 երկրների ղեկավարներից ոչ մեկը չասաց, որ իրենք մի երկրում են, որը բռնի գործողության պատանդ է դարձել։ Նրանք ընդհանրապես չխոսեցին Բաքվի բանտերում պահվող հայ գերիների, նրանց վերադարձի հեռանկարի մասին, այն մասին, թե ինչպես այդ մարդիկ պետք է պաշտպանվեն։ Ինչպե՞ս հասկանալ, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, հետ քաշվելով այդ մարդկանց իրավունքների պաշտպանությունից, կարմիր գորգ է փռում բռնապետերի ոտքերի տակ։
Էլ չեմ խոսում հայկական մշակութային արժեքների ոչնչացման մասին, 4 հազար հուշարձանների մասին։ Ի՞նչ պետք է լինի դրանց հետ։ Այս ամենի փոխարեն ի՞նչ է ուզում ՀՀ իշխանությունը՝ TRIPP-ի՝ օդի մեջ գրված ծրագի՞ր կամ Երևան ժամանած եվրոպացի գործիչների դատարկ խոստումնե՞ր։ Ես որևէ կոնկրետ համաձայնություն չկարողացա գտնել՝ բացի արհեստական բանականության շուրջ համագործակցության համաձայնագրից։
–Ձեր խոսքում անդրադարձաք TRIPP-ին։ Հայ-ամերիկյան համատեղ նախագծի շրջանակում Հայաստանին է պատկանելու բաժնեմասերի 26%-ը, իսկ 74%-ը՝ ԱՄՆ-ին՝ 99 տարի ժամկետով։ Միացյալ Նահանգները Երկիր մոլորակի մյուս կիսագնդում գտնվող պետություն է, և բնական է, որ այստեղ նա իր պատվիրակներ կնշանակի Թուրքիային և Ադրբեջանին։
-Շատ ճիշտ է։ Կա մի բոլորովին սպիտակ էջ, որը հնարավորություն է տալիս նախագծում ընդգրկել որևէ այլ երկրի կամ ընկերության, որոնց մասին փաստաթղթում ընդհանրապես չի նշվել։ Հնարավորություն է ստեղծվում, որպեսզի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները հեշտացվեն։ Սա շատ վտանգավոր է։
– Դուք խոսեցիք նաև արհեստական բանականության մասին։ Հայ մասնագետների գնահատմամբ՝ Հայաստանում կառուցվելիք արհեսատական բանականության գործարանը կյանքի է կոչվելու ՀՀ ջրային ռեսուրսների օգտագործման հաշվին։ Իսկ դա նշանակում է այդ ռեսուրսներն օգտագործել և այլևս չվերադարձնել բնություն։
-Եվ այս պահին ո՞վ է ջրային ռեսուրսների օգտագործման սեփականատերը. դա մի ֆրանսիական ընկերություն է, որը կոչվում է «Վեոլիա»։ Ես այս համաձայնության մեջ զարգացում չեմ տեսնում, այլ ընդամենն ավելի խոր ստրկատիրության մեջ մտնելու միտում։
Շարունակելի






