Հայտնի է, որ մինչեւ 1934 թվականը, Մեղրիի սահմանային անցակետից բացի, Հայաստանն ունեցել է ցամաքային ճանապարհով Իրանի հետ հաղորդակցվելու եւս մեկ ճանապարհ՝ ներկայիս հայ-թուրքական սահմանի՝ Վեդիից դեպի հարավ ընկած հատվածը, որը 1934 թվականին հանձնվել է Թուրքիային։
Իրանական farsnews.ir կայքը հունվարի 23-ին իր ընթերցողների ուշադրությանն է ներկայացրել Պարսկաստանի ու Թուրքիայի միջեւ տեղի ունեցած սահմանային փոխանակումների մասին իրանցի պատմաբան Ամին Ռահիմիի հոդվածը։
Հեղինակն իր նյութի ներածականում նշում է, որ հայերի համար այդքան նվիրական Արարատ լեռը, որ մեծ ու փոքր գագաթներից է բաղկացած, ներկայումս գտնվում է Թուրքիայի տարածքում։ Պատմաբանի խոսքերով, քչերը գիտեն, որ Փոքր Արարատը՝ Սիսը, 90 տարի առաջ Իրանի տարածքի մաս է կազմել, եւ Փեհլեւիների հարստության հիմնադիր Ռեզաշահն այն հանձնել է թուրքերին։
Ըստ իրանցի պատմաբանի, տվյալ ժամանակաշրջանում, մերձավորարեւելյան տարածաշրջանում իր տնտեսական շահերը հետապնդող Մեծ Բրիտանիան, Մերձավոր Արեւելք ներթափանցելու՝ Խորհրդային Միության ձգտումները չեզոքացնելու նպատակով, մշակել էր մի նախագիծ, որի համաձայն, Պարսկաստանը, Աֆղանստանը, Իրաքն ու Թուրքիան պետք է միավորվեին Մեծ Բրիտանիայի հովանու ներքո ձեւավորվող դաշինքի կազմում։
Ըստ հեղինակի, այս նախագծից էլ ծնունդ առավ 1937 թվականին ստորագրված Սաադ-աբադի պակտը։ Սակայն, մինչ այդ, 1932 թվականի հունվարի 24-ին, արդեն գործում էր սահմանազատման եւ սահմանագծման պարսկա-թուրքական համատեղ հանձնաժողովը, եւ դրա կատարած աշխատանքների արդյունքում Քութուրի դաշտը, որ նախապես պատկանում էր Պարսկաստանին, եւ օկուպացվել էր օսմանցիների կողմից, վերադարձվեց իրանցիներին, որի դիմաց Պարսկաստանի հյուսիս-արեւմտյան շրջաններից 800 քառակուսի կիլոմետրանոց տարածք հանձնվեց Թուրքիային։ Թուրքերին հանձնված հենց այս հատվածի մեջ էր մտնում Սիսն ու հարակից տարածքները։
Պատմաբան Ամին Ռահիմիի խոսքերով, թուրքական կողմին հանձնված այս տարածքները ռազմավարական նշանակություն ունեին Իրանի համար, եւ հենց այդ ժամանակ էլ Պարսից բանակի բարձրաստիճան զինվորականներն ու լավատեղյակ մասնագետները դեմ էին արտահայտվում այս փոխանակմանը։ Հոդվածագիրը, վկայաբերելով սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի անդամ, դիվիզիայի հրամանատար Հասան Արֆայի խոսքերը, նկարագրում է տարածքային փոխանակմանը դեմ արտահայտվող սրտացավ մասնագետների ձեռնարկած քայլերն ու Պարսկաստանի միապետ Ռեզաշահի՝ պետության շահերին հակասող, դավադիր որոշումները…
Պատմագիտության թեկնածու Գրիգոր Առաքելյանի ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Ազգ» շաբաթաթերթի՝ փետրվարի 3-ի համարում։