Հարևան սուլթանատի կիրթ ու կառուցողական սուլթանը հայտարարել է 2024 թվականին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման մասին։
Այդ լուրը կարելի էր համարել ժամանակավրեպ. ադրբեջանական հանրության համար հետաքրքիր լուրը մեզ հետաքրքրում է այնքանով, որ դրա պատճառները պետք է փնտրել միայն Հայաստանում։
Այո, ներադրբեջանական քաղաքական հարցը սերտորեն առնչվում է Արցախի անեքսիայի, Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի, հնարավոր սահմանային զիջումների թեմաներին։
2021 թվականի վիճելի ընտրությունների ընթացքում իբր պողպատե քվե ստացած իշխանությունը չի կարող արհամարհել երկրի բնակչության մեծ մասը կազմածների և ընտրություններին չմասնակցածների կարծիքը, որովհետև արդեն սեղանին են դրված երկրի տարածքի զիջումների, հարյուր հազարավոր ազերիներն Հայաստան բերելու հարցերը։
Դրանք պահանջում են ահռելի ֆինանսական միջոցներ, կարգավորման ջանքեր, միջազգային դոնորներ, բազմաշերտ բանակցային պարտավորություններ։ Հարցերի մի մասը անմիջականորեն առնչվում է ՀՀ սահմանադրության իրավական կարգավորման հետ, մասնավորապես, այսպես կոչված, անկլավների խնդիրը։
Որևէ նորմալ երկրում խնդիրների այսպիսի փնջի դեպքում ցանկացած իշխանություն պարտավոր է և կգնա նոր արտահերթ ընտրությունների կամ հանրաքվեի՝ ներառելով սահմանադրական փոփոխություններ։
Այո, արտահերթ ընտրությունների միտքը թևածում է քաղաքական մթնոլորտում, բայց վերջին օրերին դրանց վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ՀՀ ղեկավարը տվեց բացարձակ բացասական պատասխան՝ հավելելով, որ ավելի կարևոր գործեր կան։
Իհարկե, մենք այնքան միամիտ չենք, որ հավատանք ամբողջ գիտակցական կյանքը ստով, կեղծիքով, խաբեությամբ վարպետացած մեկին, ում համառ գործունեության հետևանքով Հայաստանի Հանրապետությունը կանգնած է պետականության կորստի վտանգի հանդիման։
Եթե այդ ամենին գումարենք տեղական ինքնակառավարման մարմինները զավթելու հանկարծահաս մոլուցքը, ընդդիմադիրներով բանտերը լցնելու վճռականությունը և թուրքական ձգվող պարանը՝ իշխանական խունտայի վզին, ապա կարելի է պնդել, որ շուտով Հայաստանում կկայանան արտահերթ համապետական ընտրություններ։
Ինչո՞ւ են իշխանությունները գնալու ընտրությունների:
Քննարկվող թեմայի գլխավոր հարցն այստեղ է։
Բանը նրանում է, որ միջազգային պայմանագրերը պետք է վավերացվեն Ազգային ժողովի կողմից։ Սահմանադրական մեծամասնություն իշխանության համար ՀՀ ազգային ժողովը իր ներկա կազմով որևէ արգելք չէ, բայց կա մի լրջագույն արգելք՝ ընդդիմության հնարավոր դիմումը Սահմանադրական դատարան։
Այո, ՀՀ ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի մեկ հինգերորդ մասը իրավունք ունի միջազգային պայմանագրերով հաստատված դրույթների սահմանադրության հետ հակասության պարագայում դիմել ՀՀ սահմանադրական դատարան։
Ընդ որում, ՀՀ սահմանադրության մեջ ամրագրված դրույթ կա, որը ֆիզիկական անձանցից դիմում ստանալու իրավունքը վերապահում է ՀՀ դատական եռաստիճան համակարգում գործը քննելուց հետո միայն. այդ ֆիլտրը բացակայում է ՀՀ ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի դիմում ներկայացնելու պարագայում։
Փաստացի ունենք մի իրավական վիճակ, երբ իշխանությունը կարող է կնքել ինչ- որ զիջումների պայմանագրեր, որոնք կհակասեն ՀՀ սահմանադրության տառին ու ոգուն։ Եվ իշխանությունը այդ մեկ հինգերորդի հնարավոր վիճարկումից խուսափելու համար պետք է գնա նոր ընտրությունների։
Իսկ ինչո՞ւ և ինչի՞ վրա են հույսները դրել։
Հույսը մեկն է՝ ոչ թե հաղթել ընտրություններում, այլ Ազգային ժողով բերել, դիցուք, Վազգենի եղբայր, հատուկ դեսպան Էդմոն, Խզմալյան, հայհոյանքի վարպետ ու էլի շատերին, այդ թվում՝ իրական հայրենասերների փոքրաթիվ, բայց տրոհված խմբեր։
Նպատակը մեկն է՝ ոչ մի պարագայում ԱԺ կազմում մեկ հինգերորդի չափով միասնական ընդդիմադիր զանգված չպետք է լինի։
Դժվար է հավատալ, որ վերոնշյալ «կլիենտները» կլինեն մեկ հինգերորդ մաս կազմող դիմումի մասնակիցներ։ Դրանով իսկ ներկա պրոթուրքական իշխանական խունտան կշրջանցի ՀՀ սահմանադրական դատարան դիմելու հարցը։
Որպես վերջաբան.
Ընտրությունները, ընդ որում՝ արտահերթ, կայանալու են և որևէ կերպ չենք կարող դրանք կասեցնել։ Պարզապես պետք է ընդդիմադիր զանգվածը և հայ ժողովուրդն ունենան երկու ծրագիր՝ նվազագույնը քսանհինգ պատգամավոր, առավելագույն հաղթանակ և սահմանադրական մեծամասնություն։
Պատրաստվե՛ք:
Հրայր Կամենդատյան, «Հայաքվե» նախաձեռնության ներկակայացուցիչ