Պրահայում նույն սեղանի շուրջը թշնամի երկրների ղեկավարների հետ հանդիպելուց, ձեռքսեղմումից ու ժպտալ-ծիծաղելուց հետո Փաշինյանը հայտարարեց, թե Ադրբեջանը դրական չի արձագանքել տարածաշրջանային կոմունիկացիաներն ապաշրջափակելու իր առաջարկին։
Ոչ ոք չզարմացավ նրա այդ հայտարարությունից, որովհետև ոչ ոք միամիտ չէ՝ կարծելու, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության է գնում՝ Հայաստանի զարգացումը թույլատրելու բարեհաճությամբ։ Մինչ Պրահա մեկնելն Ալիևն այսպիսի հայտարարություն է արել.
«Մենք որոշակի լավատեսություն ունենք խաղաղության գործընթացի նկատմամբ, քանի որ վերջերս կայացել է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը նմանատիպ առաջին հանդիպումն էր խաղաղության պայմանագրի նախնական տարբերակի պատրաստման օրակարգով: …Հայերը «գրավել են» ոչ միայն մեր քաղաքները, այլև մեր ռեսուրսները, ապօրինի հանքանյութ են արդյունահանել։ Նրանք փակել են մեր գետերը, և մենք չենք կարողացել հազարավոր հեկտարներ ոռոգել: Չնայած տարածքների ամբողջական ոչնչացմանը՝ մենք խաղաղություն առաջարկեցինք Հայաստանին:
Մենք առաջարկել ենք միջազգային իրավունքի հինգ հիմնական սկզբունքներ, որոնք հիմք են հանդիսանալու խաղաղության համաձայնագրի համար։
Մենք գիտենք այն մարտավարությունը, որը սովորաբար օգտագործում է Հայաստանը, երբ «չի ցանկանում» բանակցել, օրինակ՝ Արցախյան հակամարտության շուրջ 27 տարի տևած բանակցություններում։ Եթե այսպես շարունակվի, խաղաղություն չի հաստատվի։ Եվ եթե սա Հայաստանի ընտրությունն է, ապա նա հերթական լուրջ սխալն է անում»:
Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքների մասին ասել է, թե դրանցում անընդունելի ոչինչ չկա։






