Հայաստան-Իրան սահմանը 24 ժամով փակ է եղել, բայց այսօր առավոտյան երթևեկությունը վերականգնվել է. հայտնել է ՀՀ-ում Իրանի դեսապան Խալիլ Շիրղոլամին։
Նա հայտնել է, որ Իրանը չի ընդունում «Զանգեզուրի միջանցք» տերմինը. ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության իր երկիրը դեմ է։
Նա նաև նշել է՝ որքան էլ Թրամփը ցանկանա Իրանում քաղաքացիական ապստամբություն հրահրել, իր ժողովուրդը չի անի դա, ընդհակառակը՝ կանգնած կլինի Իրանի իշխանությունների կողքին, ինչպես կանգնած է հիմա ու սգում է հոգևոր առաջնորդի մահը։ Դա հասկացել է նաև Թրամփը. ասաց Շիրղոլամին։
Դեսպանը խոսել է նաև վերջին օրերին Իրան-ԱՄՆ բանակցությունների մասին։ Նշենք, որ Օմանի արտգործնախարարն է սենսացիոն հայտարարություն արել, որ Իրանը համաձայնել էր Իրանի հիմնական բոլոր պայմաններին, սակայն դրանից մի քանի ժամ անց տեղի է ունեցել հարձակումն Իրանի վրա։
«Մենք ազնիվ կերպով մտանք մի բանակցությունների գործընթացի մեջ այն բարի կամքով և այն ցանկությամբ, որպեսզի բանակցությունների արդյունքում հասնենք երկու կողմերի համար ցանկալի արդյունքների։ Սակայն բանակցող մյուս կողմը ապացուցեց, որ չի կարող հավատարիմ մնալ մարդկային և բարոյականության ամենատարրական սկզբունքներին։ Դա նման է այն բանին, որ մենք այսօր ձեզ հրավիրենք մամուլի ասուլիսի և այդ ընթացքում ձեզ թիրախավորենք և ձեր նկատմամբ բռնություն կիրառենք։
Բանակցությունների վերջին փուլում, որ տեղի ունեցավ Ժնևում, շատ օպերատիվ և մանրամասն առաջարկներ փոխանցեցինք ամերիկյան կողմին, և պայմանավորվեցինք, որ իրենք կուսումնասիրեն դրանք, որից հետո մենք կստանանք իրենց արձագանքը։ Նորից կարող ենք ասել, որ բանակցությունների սեղանը ռմբակոծեցին»,–Երևանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը։
Դեսպանը հիշեցրեց, որ Իրանի թշնամիները հայտարարում էին, որ Իրանի հոգևոր առաջնորդը թաքնված է բունկերներում և որևէ վտանգ նրա կյանքին չի սպառնում։
«Ամոթ նրանց. մեր հոգևոր առաջնորդը գտնվում էր իր առօրյա աշխատանքի վայրում։ Նա վստահ էր, որ եթե Իրանի քաղաքացիներին վտանգ է սպառնում, ապա ինքը չի կարող բացառություն լինել։
Ես չեմ կարծում, որ սա որևէ ձեռքբերում է՝ երբ այն պետության, ում հետ դու բանակցություններ ես վարում, նրա դեմ կիրառես հրթիռներ և ինքնաթիռներ, սպանես այդ երկրի ղեկավարներին։
Նրանց ակնկալիքն այն էր, որ շոկի արդյունքում Իրանը կորցնի իր ինքնակառավարման ունակությունը և չկարողանա դիմադրել, չկարողանա որևէ քայլ ձեռնարկել այս ագրեսիայի դեմ։ Սական Իրանում կառավարման ճգնաժամ չկա։ Շուտով ԻԻՀՊԿ-ը կհրապարակի Իրանի նոր առաջնորդի անունը։
Այս գործողությունների հետևանքով մեր ժողովրդի ազգային ձգտումները էլ ավելի ամրապնդվեցին։ Ուստի պետք չէ փնտրել բարդ սցենարներ այն մասին, թե ինչպես են իմացել, թե որտեղ է գտնվում Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդը։ Նա գտնվում էր իր աշխատանքի վայրում, որի տեղակայման վայրը Իրանի բոլոր քաղաքացիները գիտեն»,–ասաց նա։





