Հայաստանից արևմտյան ադրբեջանցիների բռնի վտարումը հանցագործություն էր մարդկության դեմ, էթնիկ զտում. հերթական զառանցանքն է հնչել այսօր Ադրբեջանից։
Ինչպես հայտնի է, Ադրբեջանում 2020 թվականի պատերազմից հետո հայկական տարածքների նկատմամբ ախորժակի մեծացմամբ պայմանավորված՝ ստեղծվել է Արևմտյան Ադրբեջանի համայնք, որն անգամ ունի մամուլի քարտուղար։
Եվ այսպես, մամուլի քարտուղար Ուլվիա Զուլֆիգարն այսօր ասել է, որ իբր անցած դարի ընթացքում արևմտյան ադրբեջանցիները չորս անգամ ենթարկվել են ջարդերի և տեղահանությունների՝ 1905-1906, 1918-1920, 1948-1953 և 1987-1991 թվականներին:
«Առաջին երկու տեղահանությունները, որոնք տեղի են ունեցել դարասկզբին, նշանավորվել են սպանություններով և վտարումներով, որոնք կատարվել են առանձնակի դաժանությամբ։ 1947 թվականին Ստալինի հրամանագրով որոշում է կայացվել Հայաստանի տարածքից 100 հազար ադրբեջանցիների արտաքսելու մասին։ 1948-1953 թվականների տեղահանությունների ժամանակ 600 ադրբեջանցի է վտարվել։
Իսկ 1987-1991 թվականների տեղահանության ժամանակ ավելի քան 300 հազար մեր հայրենակիցներ բռնի վտարվեցին հայրենի հողերից, սպանվեց 216 ադրբեջանցի»,- ասաց Զուլֆիգարը։
Ադրբեջանցի խոսնակը հայտարարել է, որ որ այսօր արևմտյան ադրբեջանցիները ցանկանում են վերադառնալ «իրենց հայրենի հողերը, վերաինտեգրվել հայ հասարակությանը և այցելել իրենց հարազատների շիրիմներին»։
«Սա մեր հիմնարար իրավունքն է, մենք կոչ ենք անում հայկական կողմին արձագանքել մեր անպատասխան կոչին»,- ասել է նա։
Պաշտոնական Երևանից դժվար թե որևէ արձագանք հնչի Ադրբեջանի զրպարտիչ ու խեղծ հայտարարությանն ի պատասխան։ Երևանից անգամ պատմական փաստերն ու վկայությունները չեն հիշատակվի, որ, օրինակ, Բաքվից ու Սումբայիթից 300 հազար հայ ցեղասպանությունից փրկվել ու եկել է Հայաստան, իսկ նույն՝ 1987-91 թվականներին, Հայաստանում ապրող ադրբեջանցիներն իրենց տները կարողացել են փոխանակել Ադրբեջանում ապրող հայերի բնակարանների հետ, իսկ փոխանակելուց հետո այնտեղի հայերի նկատմամբ սոսկալի ջարդեր են կազմակերպվել։