Չեխական Lidové noviny պարբերականն անդրադարձել է Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանին Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026թ. մրցանակի առաջադրմանը՝ վերլուծելով այն տարածաշրջանային և ներհայաստանյան իրադարձությունների համատեքստում: Այս առաջադրմանն ՕՐԵՐ-ն անդրադարձել էր մի շաբաթ առաջ։
«Հայաստանից ու արտերկրից մարդու իրավունքների պաշտպանների մի խումբ Վարդանյանին առաջադրել է Վացլավ Հավելի մարդու իրավունքների մրցանակին: Նրանք նշում են, որ թողնելով հարստությունն ու անձնական հարմարավետությունը՝ Վարդանյանը բառի բուն իմաստով անձնազոհություն է կատարել՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին փրկելու փորձով, երբ արդեն պարզ էր, որ Ադրբեջանը կգրավի տարածքը, իսկ ռուսները կթողնեն, որ իրադարձությունները ծավալվեն անվերահսկելի կերպով», – գրում է պարբերականը:
Հոդվածի հեղինակ Թոմաշ Վլախը (Tomáš Vlach) մեջբերում է առաջադրող խմբի հայտարարությունը, ըստ որի «Նա վտանգի ենթարկեց անձնական անվտանգությունն ու հարմարավետ ապագան՝ աշխարհի ամենադժվար ու զգայուն հակամարտության գոտիներից մեկում երկխոսություն, բանակցություններ ու փոխըմբռնում փնտրելու համար»:
Նա գրում է, թե դեռ պարզ չէ՝ ինչ արդյունք կունենա առաջադրումը: «Ադրբեջանական բանտերում պահվող Լեռնային Ղարաբաղի մոտ երկու տասնյակ հայ բանտարկյալների ճակատագիրը՝ ութ քաղաքական գործիչ ներառյալ, գրեթե միջազգային ուշադրության չի արժանանում, մինչդեռ մարդու իրավունքների պաշտպաններն այդ գործերը քաղաքական դրդապատճառ ունեցող են համարում»:
Հեղինակը մեջբերում է նաև միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության հայտարարությունը, որը Բաքվի դատավարությունները արդարադատության նկատմամբ ծաղր է որակել:









