Ադրբեջանի քաղաքական վերնախավը գոհ է Քիշնևի հանդիպումների արդյունքից։ Ադրբեջանական Report-ը փոխանցմամբ՝ Միլի Մեջլիսի պատգամավոր Բահրուզ Մահարրամովն ասել է, որ բրյուսելյան գործընթացն իրականում հայտնվել էր փլուզման եզրին՝ Ֆրանսիայի ապակառուցողական գործունեության պատճառով, սակայն հետո ու մասնավորապես Քիշնևում տեղի են ունեցել կարևոր հանդիպումներ։
Պատգամավորն Ադրբեջանի հնարավորությունները հիմա գնահատում է շատ ավելի մեծ, քան 7 ամիս առաջ էին։
«Ադրբեջանական բանակն առանց արյունահեղության ամրապնդվել է կարևոր ռազմավարական դիրքերում և պրոֆեսիոնալ կերպով իրականացրել 10-ից ավելի գործողություն։ Նաև, չնայած միջազգային իրավական բոլոր ճնշումներին, Ադրբեջանը օգտվեց իր ինքնիշխան իրավունքներից և սահմանային անցակետ հիմնեց Լաչինում։ Իլհամ Ալիեւին հաջողվել է միջազգային հանրությանը հասկացնել, որ ադրբեջանա-հայկական խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքը և ղարաբաղահայության հարցերը բոլորովին տարբեր հարցեր են, Ղարաբաղի վերաինտեգրման խնդիրը Ադրբեջանի ներքին գործն է։ Շառլ Միշելի երեկվա դիրքորոշումը, որը նա հայտնեց լրատվամիջոցներին, այս թեմայի վերաբերյալ հարցեր չի առաջացնում»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը։
Նա շեշտել է Քիշնևում Ադրբեջանի «դիրքերի առավելության ևս մի հանգամանք».
Իլհամ Ալիևի թեզը, թե 2023 թվականը խաղաղության վերջին հնարավորության տարին է, այս անգամ ընդունվեց բոլորի կողմից, ինչի վկայությունն այն որոշումն է, ըստ որի՝ երկխոսությունն ակտիվացնելու համար հուլիսի 21-ին, Բրյուսելում եռակողմ հանդիպում կանցկացվի։ Նաև այս ժամանակահատվածում արտգործնախարարները հաջորդ անգամ կհանդիպեն Վաշինգտոնում՝ քննարկելու խաղաղության պայմանագրի մանրամասները»: