Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սնկերի մասին հայտնի հայտարարության համար դատի է տալու Սամվել Կարապետյանին:
Սա հետաքրքիր արձագանք է: Շատերին կարող է թվալ, թե վարչապետ Փաշինյանի այս արձագանքը էմոցիոնալ է: Համենայն դեպս, զուտ վարչապետի կարգավիճակի տեսանկյունից սա չի կարող պարունակել քաղաքական ծանրակշիռ բովանդակություն կամ արժեք: Որովհետեւ, քաղաքական մրցակցի, այն էլ նախընտրական մրցակցի այդօրինակ ձեւակերպումների կամ հայտարարությունների հարցում դատարան դիմելը ըստ էության դուրս է քաղաքական պայքարի փիլիսոփայությունից: Հետեւաբար, այն ավելի շուտ կարող է դիտարկվել իբրեւ նյարդային, այլ ոչ թե քաղաքական արձագանք:
Բայց, գործնականում իհարկե դա նյարդային չէ: Այո, քաղաքական էլ չէ, բայց նաեւ նյարդային չէ: Այն՝ ներիշխանական է: Պարզապես, վարչապետ Փաշինյանն այդ արձագանքով փորձում է կառավարել ներիշանական տրամադրությունները, որոնք՝ իր կարծիքով, կարող են երերալ այնպիսի գնահատականների կամ մեկնաբանությունների հետեւանքով, ինչպիսին անում է Կարապետյանը: Ավելին, այստեղ Նիկոլ Փաշինյանի արձագանքի տեսանկյունից գուցե առավել զգայունը եղել է ոչ թե սնկերի հանգամանքը, այլ Կարապետյանի այն միտքը, թե Փաշինյանի ասածները անգամ իշխանության ներսում լուրջ չեն ընդունում, ուր մնաց ինքը դրանք մեկնաբանի լուրջ:
Հենց այս բնորոշումն է, որ վարչապետ Փաշինյանի համար խիստ զգայուն է դարձրել «սնկերի վերաբերյալ» Կարապետյանի մեկնաբանությունը: Այդ իմաստով, դատարանի հանգամանքը միանգամայն հաշվարկված քայլ է՝ ներիշխանական տրամադրությունների կառավարման տրամաբանությամբ:
Միեւնույն ժամանակ, ինքնին հանգամանքը, որ վարչապետ Փաշինյանը շատ զգայուն է արձագանքում եւ շատ օպերատիվ, ըստ էության հաստատում է նաեւ իմ ավելի վաղ արած արձանագրում-մեկնաբանութուններն այն մասին, որ ներիշխանական սոցիալ-հոգեբանական «կառուցվածքը» նախընտրական այս շրջանում ունի լուրջ տատանումներ ու անգամ շեղումներ, ինչն էլ այդ կոնստրուկցիայի գլխավոր շահառուին՝ Նիկոլ Փաշինյանին պահում է այսպես ասած «նյարդերի վրա»: Որովհետեւ իր ցանկացած մտադրության կամ սցենարի առնչությամբ՝ ուզում է պահել իշխանությունը ամեն գնով, թե ուզում է գտնել դուրս գալու տարբերակ, միեւնույն է՝ ներիշխանական կոնստրուկցիան կառավարելը աներկբա անհրաժեշտություն է:
Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան









