Սեպտեմբերի 10-20-ը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում գործելու է իսրայելցի նկարչուհի Պոլինա Չիժևսկայի «Ֆրեսկոներ Փարաջանովի համար» խորագրով ցուցահանդեսը։
Նկարչուհու սերը հայկական մշակույթի նկատմամբ ծնվել է դեռ երիտասարդ տարիքում՝ Մինաս Ավետիսյանի և Մարտիրոս Սարյանի հանճարեղ գեղանկարչությանը ծանոթանալուց հետո, իսկ Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը դարձել են իրական բացահայտում երիտասարդ նկարչուհու համար։
Գեղարվեստական արտահայտության ճշգրտությունը, կերպարների և խորհրդանիշների խորությունը վկայում են, որ գոյություն ունի արվեստի «ծածկագրային» լեզու, որի միջոցով նկարիչները կարող են միմյանց հասկանալ ժամանակի և տարածության միջով։
«Ֆրեսկոներ Փարաջանովի համար» շարքը ստեղծվել է 1996-1997 թվականներին և հարգանքի տուրք է արվեստի մեծ վարպետին։ Աշխատանքներում օգտագործված են Փարաջանովի ֆիլմերից խորհրդանիշներ՝ Պոլինայի ընկալմամբ․ նուռը՝ հոգու խորհրդանիշ, վիտրաժը՝ ճշմարտության խորհրդանիշ, որը հավերժ գոյություն ունի, սակայն թաքնված է մարդկանցից, ովքեր չեն ցանկանում կամ չեն կարողանում այն տեսնել։
Այս ցուցահանդեսը Սերգեյ Փարաջանովի ճակատագրի և ստեղծագործության դրամատիկ, պոետիկ լուսաբանումն է։
Սա յուրատեսակ ուղերձ է գեղարվեստական կերպարների միջոցով, հիշեցում այն մասին, որ մարդու ազատությունը հնարավոր է ինչպես արվեստում, այնպես էլ կյանքում։
«Ցուցահանդեսն իմ երախտագիտությունն է Վարպետի մեծ ժառանգությանը, որն ինձ համար ներշնչման նոր ճանապարհներ է բացել։ Նրա ֆիլմերը շատ չեն, բայց դրանք նրան բերեցին համաշխարհային ճանաչում և կինեմատոգրաֆում նոր խոսքի փառք։
Սերգեյ Փարաջանովի ստեղծագործություններն իմ ներկայացման կարիքը չունեն, սակայն ես երջանիկ եմ, որ գիտեմ մարդկանց, ովքեր բացահայտել են վարպետի ֆիլմերն ու ճակատագիրը՝ այս ընծայի միջոցով,-ասում է նկարչուհի Պոլինա Չիժևսկայան։