Իրական և պատմական Հայաստանների հետ կապված թեզը մեզ համար անընդունելի է, որը արհեստական է և շատ վտանգավոր, այսօր այացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
«Պատկերացրեք անհատ, որը կորցնում է իր հիշողությունը։ Նման մարդկանց ասում ենք, որ նա հիվանդ է՝ տարբեր տեսակի դիագնոզներով:
Վտանգը իրականի և պատմականի այն է, որ եթե մենք պատմականը մեզնից հեռացնում ենք, ուրեմն մենք ջնջում ենք մեր պատմական հիշողությունը: Մենք դրանով նաև փոխում ենք մեր հիշողության գենետիկ կոդը: Իսկ ինչի՞ համար է արվում հիշողության այդ ջնջումը: Այսօր բոլորդ գիտեք, որ համակարգչի հիշողությունը մաքրում են, որ մեջը նոր ինֆորմացիայի տեղ լինի: Իսկ այդ ինֆորմացիան դնում են նոր ձևով աշխատելու համար: Ազգը երբևէ այդ ինֆորմացիայի փոփոխության կարիքը չունի, մեր պատմական հիշողությունը մեզ համար առաջընթացի նպատակով է մնում։
Հայ եկեղեցին իր պատմական բոլոր շրջաններում եղել է քրիստոնեական եկեղեցիների մեջ ամենաառաջադեմն ու ժամանակակիցը: Այսօր էլ հենց այդ պատմական հիմքի վրա է շարունակում իր կյանքը եկեղեցին»,-նշեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրենը:
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը շեշտեց՝ եթե մենք մեր հիշողության մեջ պահած չլինեինք Արցախը, մենք չէինք լինի պահանջատեր.
«Եթե մենք մեր հիշողությունից կորցնենք Արևմտյան Հայաստանը, կորցնելու ենք Արևմտյան Հայաստանի՝ որևէ ժամանակի համար իրականանալիք պահանջատիրությունը: Եթե մենք մեր հիշողությունից ջնջենք Հայոց ցեղասպանությունը, ուրեմն մենք այսօր համակերպվում ենք, որ կարելի է ցեղասպանություն անել, կարելի է մեզ կոտորել ու մենք դա կարող ենք հանդուրժել»,- ասաց հոգևորականը։



