Ձերբակալվել է Ուժեղ Հայաստանի առաջնային ներկայացուցիչներից՝ Ալիկ Ալեքսանյանը: Նորություն չէ նաեւ, որ այս ընթացքում ձերբակալվում են, կալանավորվում են դաշինքի տասնյակ անդամներ:
Այսօր տեղեկություն է նաեւ Հայաստան դաշինքի շտաբներում խուզարկությունների մասին: Որքան մոտենում է ընտրությունը, այնքան այս պրոցեսը թերեւս ուժգնանալու է, որովհետեւ վարչապետ Փաշինյանի խնդիրը մեկն է՝ թույլ չտալ ընդդիմությանը կազմակերպված կառավարել ընտրարշավը մինչեւ վերջ եւ ստանալ բարձր մասնակցություն:
Բարձր մասնակցությունը այն է, ինչը Նիկոլ Փաշինյանի համար ըստ էության հավասարազոր է լինելու իշխանության կորստի: Ըստ այդմ, նա փորձելու է ավելի ու ավելի ակտիվ կազմալուծել ընդդիմության առաջատար ուժերի աշխատանքը:
Բայց, դա լոկ ընդդիմության ուժերի աշխատանքի կազմալուծում չէ, այլ հանրային օրգանիզմի խափանում, հաշվի առնելով այն, որ այդ օրգանիզմում Նիկոլ Փաշինյանը ունի շատ բարձր հակառեյտինգ: Որեւէ առանձին վերցրած ուժ գուցե ի վիճակի չէ նրան շրջանցել կամ հաղթել 52 տոկոսով, ինչը անհրաժեշտ է կառավարություն ձեւավորելու համար, բայց հավաքական իմաստով ընդդիմության առաջատար ուժերը միանգամայն ի վիճակի են անել դա: Այստեղ Նիկոլ Փաշինյանը ունի մեկ շանս՝ տապալել բարձր մասնակցության հնարավորությունը: Իրավապահ համակարգի գործադրմամբ հետապնդումները ունեն այդ նպատակը:
Բայց, կրկնեմ, սա լոկ քաղաքական ընդդիմության խնդիրը չէ, այլ ամբողջ հանրային օրգանիզմի, որովհետեւ քաղաքական կառույցները այդ օրգանիզմի տրամադրությունների փոխակերպողն են, նրանք այդ տրամադրությունները փոխակերպում են քաղաքական կամ ընտրական արդյունքի: Կառավարող ուժի խնդիրը այդ փոխակերպումը թույլ չտալն է, բայց հետեւանքը այն է, որ ճնշվում է հանրային օրգանիզմը: Իսկ ճնշել օրգանիզմը, խեղդել դրա բնական, օբյեկտիվ կարիքներն ու պահանջը, նշանակում է լրջորեն վնասել այդ օրգանիզմը, թուլացնել այն, դարձնել փաստացի անկենսունակ:
Հետեւաբար, օրգանիզմը պետք է դիմադրի: Ընդ որում, խոսքը տվյալ պարագայում ամենեւին ֆիզիկական դիմադրության մասին չէ: Կամ, ֆիզիկական այն իմաստով, որ ընդամենը մարդիկ պետք է հունիսի 7-ին վեր կենան ու գնան ընտրատեղամաս, կատարեն պետության ճակատագրի համար կարեւոր քվեարկությունը, հետեւաբար՝ հետ մղեն հանրային օրգանիզմի առողջ պահանջները ճնշելու այն գրոհը, որ իրականացնում է կառավարող ուժը իրավապահ համակարգի միջոցով:
Այլ կեպ ասած, դիմադրության ֆիզիկական մասը ընդամենը վեր կենալ ու ընտրատեղամաս գնալն է, որեւէ այլ ֆիզիկական գործողություն պետք չէ: Դիմադրության մյուս մասը արդեն մտավոր է՝ քվեարկել, ելնելով Հայաստանի պետական քաղաքականությունն ու հասարակական հարաբերությունների մթնոլորտը փոխելու օգտին, Հայաստանը ծայրահեղությունների բախման մթնոլորտից դուրս բերելու օգտին:
Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան









