Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի համար անհասկանալի է, թե ինչու էր Նիկոլ Փաշինյանը որոշել բնակիչների հայհոյանքների տարափի տակ շրջել Սյունիքում։
«Ես այս հարցի պատասխանը չգիտեմ, այդ հարցին ավելի լավ է Նիկոլը պատասխանի։ Սյունեցիներն իրենց հողի տերն են, սյունեցու ոգին անկոտրում է, ու չեն կարող ընդունել այդ դավաճանին։ Հիմա ի՞նչ է, կարծում էին, որ Նիկոլին պետք է աղ ու հացով դիմավորեի՞ն քաջարանցիները, երբե՛ք»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Մանվել Փարամազյանը։
Ի դեպ, մամուլն արդեն գրել է, որ ԱԱԾ-ին ու Ոստիկանությանը հատուկ հրահանգ է իջեցվել, որպեսզի ձերբակալեն Նիկոլ Փաշինյանի այցի դեմ բողոքողներին, այդ թվում՝ մի շարք համայնքների ղեկավարներին։ Այդ նպատակով, ըստ հրապարակումների՝ ԱԱԾ և Ոստիկանության պետերը շտապ մեկնել են Սյունիք։
Այս լուրերի հետ առնչությամբ էլ Քաջարանի ղեկավարն ասաց. «Թող փորձի ու մի սյունեցու կպնի, ավելի վատ իրենց համար, թող փորձի սյունեցու մազը ծռի, այն ժամանակ կտեսնի։ Այսօր սյունեցին շատ լավ գիտակցում է՝ ինչի համար է Նիկոլը եկել Սյունիք, Ալիևի հետ նույն նպատակների մեջ են։ Ես ասում եմ, եթե այդքան համարձակություն ունեն՝ թող սյունեցու մազը ծռեն, թող չվախեցնեն իրենց դատախազություններով ու միլիցեքով ու ԿԳԲ-երով։ Վախեցնող էին, թող գնային թուրքին վախեցնեին, ոչ թե սյունեցիներին վախեցնեն»։
Ինչ վերաբերում է այն լուրերին, թե Սյունիքի համայնքների ղեկավարներն էին ժողովրդին ուղղորդել Նիկոլ Փաշինյանի դեմ, Մանվել Փարամազյանը զարմացավ, թե ինքն ինչպե՞ս կարող է 15 հազար մարդու ստիպեր ու հաներ փողոց։
«Մենք 10-15 հազար բնակչություն ունեցող քաղաք ենք, ինչպե՞ս կլինի՝ ես կանգնեմ, ասեմ՝ ժողովուրդ, դուրս եկեք փողոց։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը Սյունիք էր եկել գաղտագողի, բոլորդ էլ շատ լավ գիտեք։ Որևէ մեկը բան չի կազմակերպել, այդ ամենն ինքնաբուխ է եղել, ինքը, ի վերջո, պետք է գիտակցի, որ իր մնալը ճակատագրական է լինելու սյունեցու համար։ Դուք պատկերացնում եք, որ իմացել են՝ Նիկոլը գալու է, զոհվածների ծնողները գնացել են գերեզմանոցները փակել են, որ նա չգնա։ Մարդիկ ինքնաբուխ դուրս են եկել, որպեսզի սա չգնա իրենց երեխաների գերեզմանոցները չպղծի։ Լավ է, իր բախտը բերեց, ու չկանգնեց գերեզմանոցում, գիտեք, չէ՞, ինչ պետք է անեին»,- շեշտեց Մ. Փարամազյանը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր նոյեմբերի 9-ից հետո երկրորդ անգամ փորձ արեց այցելելու Սյունիքի մարզ։ Նախորդ տարի դեկտեմբերի նրան չհաջողվեց Սիսիանից այն կողմ գնալ, սակայն այս անգամ Նիկոլ Փաշինյանի ուժեղացված անվտանգությունով, այդ թվում՝ դիմակավորված անձանց ուղեկցությամբ և բնակիչների հահոյանքների ներքո այցելեց Ագարակ, Կապան ու մի քանի այլ համայնքներ, սակայն նրան այդպես էլ չհաջողվեց հանգիստ պայմաններում խոսել սյունեցիների հետ, քանի որ վերջիններս հայտարարում էին, որ «հողատուի», «դավաճանի» հետ խոսելու որևէ բան չունեն։
Հիշեցնենք, որ Արցախում 44-օրյա պատերազմից հետո անհասկանալի պայմաններում Նիկոլ Փաշինյանի և Պաշտպանության նախարարության լուռ համաձայնությամբ Սյունիքում բոլոր շահեկան դիրքերը հանձնվեցին թշնամուն։