Կադրային փոփոխությունները, բնականաբար, ընթացիկ պրոցես են՝ որպես այդպիսին. տեղյակ եք, որ փոխոստիկանապետերի փոփոխությունից հետո մենք ունեցել ենք նաև պարեկային ծառայությունում որոշակի փոփոխություններ՝ նկատի ունեմ մոնիտորինգի վարչությունը, Երևանի գնդի հրամանատարը, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ խոսելով ՆԳՆ կազմում հնարավոր կադրային փոփոխությունների մասին։
«Շատ սինխրոն, տրամաբանական աճ են ունեցել, առաջխաղացում են ունեցել այս մասով, որովհետև մեր ռեֆորմների սկզբունքում էլ է դրված հենց այս մոտեցումը, որ եթե անձինք աշխատում են, եթե արժանի են, առաջխաղացում պիտի լինի՝ անխուսափելի։ Ըստ այդմ՝ իրականացրել ենք նշանակումները։ Փոփոխություններ միշտ եղել են, նախորդ օրերին էլ են եղել, առաջիկա օրերին էլ կամ շաբաթներին կամ ամիսներին էլ կլինեն՝ իհարկե ըստ անհրաժեշտության, որովհետև եթե կարիքը չենք տեսնում կադրային փոփոխության, այդպիսի փոփոխություններ տեղի չեն ունենում, և մենք չենք կատարում դրանք ուղղակի անելու համար»,–ասաց նա։
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայտարարությանը, որ Փաշինյանին սատարող եպիսկոպոսներին 300 ոստիկաններ են ուղեկցում, նախարարն ասաց՝ ինքը թիվ հնչեցնել չի կարող, բայց կարող է ասել, որ 300 հոգով եպիսկոպոսներին ուղեկցելու պրոցեսի մասով տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
«Լրագրողներն էլ են այնտեղ եղել, և կարող էին տեսնել շատ ոստիկաններ, քանի որ որ երկու կողմ հավաք էին իրականացնում Մայր Աթոռի նույն տարածքում, և կային նաև որոշակի սադրիչ գործողություններ, սադրիչ գործողությունների մասով օպերատիվ տվյալներ, և այնչափ ուժ էր ներգրավված այդ տարածքում, որը ոստիկանության համոզմամբ թույլ կտար կառավարելիություն ունենալ և հասարակական կարգ ու անվտանգություն երաշխավորել։
Եթե նույնիսկ մի քանի հազար անձի ներգրավման կարիք լիներ այդ հասարակական կարգն ու անվտանգությունը ապահովելու տեսանկյունից, ոստիկանության ուղիղ պարտականությունն է հաշվել, հասկանալ օպերատիվ իրավիճակը և այդ անձանց ներգրավել»,-ասաց նախարարը։
Ինչ վերաբերում է հանգամանքին, որ այլ օրերի ևս եպիսկոպոսներին ոստիկաններ են ուղեկցում, ՆԳ նախարարն ասաց.
«Մենք իրականացնում ենք Քննչական մարմնի կողմից պաշտպանական միջոց կիրառելու մասին որոշումը, և բոլոր այն դեպքերում, երբ վարույթն իրականացնող մարմնից ստանում ենք այդպիսի տեղեկատվություն, միանշանակ է, որ ոստիկանությունը պիտի իրականացնի անձի պահպանություն։ Այո՛, դուք կարող եք տեսնել այդպիսի դեպքեր. դրա հիմքում կա կոնկրետ պաշտպանական միջոց կիրառելու մասին որոշում։ Տարբեր եկեղեցիների տարածքում այդ նույն պահպանությունը կա, տոն օրերին այդ նույն պահպանությունը կա։
Եթե որևէ անձ մտածում է, որ իր իրավունքները խախտվել են, բնականաբար, կարող է կա՛մ վերադասվարչարարության կարգով ինձ բողոք ներկայացնել ոստիկանի գործողության, կա՛մ անգործության մասով, կամ եթե տեսնում է, որ հանցագործության տարը իր պատկերացմամբ հաղորդում ուղարկել համապատասխան մարմնին։
Մինչ այս պահը նմանատիպ իրավիճակ էլ ունեցել ենք, այսինքն մի դեպքում ինձ վերադասվարչարարության կարգով բողոք է ներկայացվել, քննչական մարմին քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ հաղորդում է ուղարկվել։ Իրավական պետություն ենք. այդ պրոցեսները պիտի ապահովենք, եթե որևէ մեկը մտածում է, որ իր իրավունքը խախտված է, բոլոր գործիքակազմերը ունի իրավունքի պաշտպանություն իրացնելու»,- հայտարարեց Արփինե Սարգսյանը։









