Հայաստանի իշխանությունները ուղղակի գեղեցիկ խոսում են եվրոպական արժեքներից, սակայն իրականաում մենք ունենք խոսքի ազատության սահմանափակում, քաղբանտարկյալներ, քաղաքական մոտիվներով բռնաճնշումներ, որը հեռու է եվրոպական արժեք համարվելուց։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նախագահական նստավայրի դիմաց Հայաստան-ԵՄ գագաթնաժողովին զուգահեռ ընթացող բողոքի ակցիային «Առողջության իրավունք» ՀԿ հիմնադիր Անուշ Պողոսյանը։
Վերջինս շեշտեց՝ ակցիայի նպատակը ևս մեկ անգամ այս փաստերի վրա ուշադրություն հրավիրելն է։
«Արդեն երկու օր է՝ առավոտից երեկո լսում ենք եվրոպական արժեքների մասին, սակայն մենք ունենք եվրոպական արժեքներից բավականին տարբերվող իշխանական գործունեություն։ Մենք ունենք քաղաքական բանտարկյալներ, սրբազանների բանտարկություն, ինչպես նաև ունենք Ադրբեջանում ռազմաքաղաքական գերիներ», – նշեց Անուշ Պողոսյանը։
Անուշ Պողոսյանը համոզմունք հայտնեց՝ այս պահին եվրոպացի պաշտոնյաներին ուղղակի ձեռնտու չէ նկատել, թե ինչ է կատարվում Հայաստանում։
«Եվ այսօր մեր դերը հենց նրանում է, որ ցույց տանք, որ ՀՀ բնակիչները չեն տեսնում եվրոպական արժեքներ, քանի դեռ մենք ունենք բանտարկվածներ, հայրենիքի համար մտահոգ մարդկանց բանտարկություններ Հայաստանում», – ասաց նա։









