Ես չեմ համարում, որ ցածր է իմ վարկանիշը. ընդհակառակը՝ բարձր է, որովհետև հարցվողներին ասել են անուն տվեք, մարդիկ իմ անունն են տվել առանց որևէ առաջարկի, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ միջազգային կազմակերպության անցկացրած հարցման արդյունքներով՝ ինքն ու Ռոբերտ Քոչարյանը վստահության նույն ցածր ցուցանիշն ունեն՝ 2 տոկոս։
«Ես ընդհանրապես դեմ եմ «իմ վարկանիշ» հասկացությանը. իմ վարկանիշը դա Նիկոլ Փաշինյանի վարկանիշի սանդղակի մեջ է, «Քաղաքացիական պայմանագրի» մեջ է: Ես ուրախ եմ, որ մեր ընդհանուր աշխատանքի շնորհիվ առաջին երեք հորիզոնականը՝ թե՛ ես, թե՛ պարոն վարչապետը, թե՛ Արարատ Միրզոյանը նույն թիմն ենք ներկայացնում, ինչ-որ տեղ առանձին վարկանիշներ ունենք։ Բայց այդ ամբողջը մեկ թիմի և մեկ կուսակցության և մեր վարչապետի վարկանիշն է:
Ես վարկանիշ չունեմ, փակեք այդ թեման։ Ինձ մի առանձնացրեք, իմ վարկանիշը դա «Քաղաքացիական պայմանագրի» և Նիկոլ Փաշինյանի վարկանիշն է, և չեմ էլ հավակնում առանձին վարկանիշ ունենալ»,- ասաց Սիմոնյանը: